211652_close_icon
views-count1735 դիտում article-date 11:30 29-08-2020

«Ես թշնամիներ չունեմ»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1940 թվականին Հնդկաստանի անկախության համար պայքարի առաջնորդ Մահաթմա Գանդին երկու նամակ է գրում Ադոլֆ Հիտլերին: Նամակները ձեւի տեսակետից բավականին զուսպ են, կարելի է ասել անգամ՝ քաղաքավարի: Բովանդակությունը, սակայն, խիստ է եւ վերաբերմունքի առումով կասկածների տեղիք չի տալիս. Գանդին զգուշացնում է բռնապետին, որ նա իր հրեշավոր գաղափարներով ու գործողություններով պարտություն է կրելու, իսկ իր ժողովրդին դրական ժառանգություն չի թողնելու: Այնուհետեւ նամակում հնդիկ առաջնորդը հիշեցնում է իր ծրագրի եւ գործելակերպի մասին. «Ես թշնամիներ չունեմ: Վերջին 33 տարում իմ կյանքի գործն էր բարեկամանալ ողջ մարդկության հետ, բարեկամաբար վերաբերվել բոլոր մարդկանց՝ անկախ ցեղից, մաշկի գույնից կամ դավանանքից… Մենք հանդես ենք գալիս բրիտանական իմպերիալիզմի դեմ ճիշտ նույն ձեւով, ինչպես նացիզմի: Մեր դիմադրությունը, սակայն, ուղղված չէ նրան, որ վնաս հասցնենք բրիտանացի ժողովրդին: Մենք ձգտում ենք համոզել նրանց, ոչ թե հաղթել ռազմի դաշտում»: Եվ այսպես, Գանդին համոզում էր Հիտլերին՝ պատերազմը չշարունակել (բնականաբար, ապարդյուն), ինչպես նաեւ համոզում էր բրիտանացիներին՝ թողնել-գնալ իր երկրից, եւ այս հարցում հզոր լծակներ ունենալով, ի վերջո, հասավ իր նպատակին: Իսկ ինչի՞ վրա էին հիմնված նրա լծակները: Ինձ թվում է, այստեղ առանցքային է «ես թշնամիներ չունեմ» արտահայտությունն է: Այդ բանաձեւն ուղղված է արտաքին աշխարհին եւ, իմ կարծիքով, վերծանվում է հետեւյալ կերպ. «Մենք ոչ մեկին չենք ուզում վնաս տալ, բայց մեր գործն անելու ենք բոլոր դեպքերում, անկախ բոլոր խանգարող հանգամանքներից»: Նման հանգիստ, սառը վճռականությունը, եթե այն անկեղծ է եւ տեղն եկած պահին չի վերածվում հիստերիկ քայլերի, հզոր ուժ է: «Ես թշնամիներ չունեմ» բանաձեւի կիրառման դաշտն առաջին հերթին ներազգային կյանքն է, եւ այս առումով մենք Գանդիի նման գործիչներից շատ բան ունենք սովորելու: Ներքին տարաձայնությունները, բանավեճերն, իհարկե, անխուսափելի են, բայց դրանք նաեւ հաղթահարելի են զուսպ, հարգալից մթնոլորտում իրար համոզելու միջոցով: Անկախ նրանից, թե որ տեսակին ենք մենք դասում հային՝ «ներկա», թե «նախկին», «սորոսական», թե «հակասորոսական», Պուտինի, թե Թրամփի երկրպագու, ԼԳԲՏ ակտիվիստ, թե հոմոֆոբ, ցանկացած կուսակցության անդամ կամ անկուսակցական, նաեւ անկախ նրանից՝ իրական են այդ բաժանումերը, թե մտացածին, Հայաստանի ներսում եւ աշխարհով մեկ սփռված հայերը չեն կարող իրար թշնամի լինել: Գիտակցությունը, որ բոլորն իրենց տեղն ունեն ընդհանուր ազգային գործում, ամրության հսկայական պաշար է ստեղծում: Ամեն թփի տակ թշնամի փնտրելը, հակառակը, բոլորիս դարձնում է խոցելի: Եթե որեւէ մեկը հանցագործություն է կատարել, նա, իհարկե, պետք է պատժվի, բայց դա նրան թշնամի չի դարձնում: Իհարկե, իմ այս մոտեցումն ընդունելի չէ մեր այսօրվա հասարակության մեծ մասի համար: Բայց վստահ եմ՝ առանց նման մոտեցման ժամանակակից պետություն հնարավոր չէ կառուցել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր