211652_close_icon
views-count1960 դիտում article-date 23:09 28-08-2020

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարզերում տնտեսավարողների մոտ խախտումներ է արձանագրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դիտարկումները փաստում են, որ էականորեն նվազում են սննդի ոլորտում տնտեսավարողների մոտ կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնների առնչությամբ նախկինում գրանցված թերացումները: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Մայրաքաղաք Երևանի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ չեն հայտնաբերվել. ստուգայցերի թիրախում են եղել Կենտրոն վարչական շրջանի ռեստորաններն ու սրճարանները: Մարզերից երեքի հանրային սննդի և իրացման ցանցի օբյեկտներից մի քանիսում, սակայն, խախտումներ արձանագրվել են. հիմնականում խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները. տնտեսավարողները վստահեցնում են, որ ախտահանումն արվում է ըստ պատշաճի, սակայն գրանցամատյանների լրացման հարցում անփույթ են: Արձանագրվել են նաև ախտահանիչ լուծույթների կիրառման, ինչպես նաև դիմակների ոչ պատշաճ կրելու հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։ ՍԱՏՄ մարզային տեսուչների կողմից արձանագրված խախտումների հիմքով կասեցման միջնորդությունները կուղարկվեն պարետատուն։ Թեև ակնառու է, որ ՀՀ պարետի սահմանած սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում տնտեսավարողներն այժմ առավել իրազեկ են, հետևաբար՝ ավելի օրինապահ ու բարեխիղճ, այնուամենայնիվ, ՍԱՏՄ-ն ամեն անգամ հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության նորմերը:

Նմանատիպ նյութեր