211652_close_icon
views-count1855 դիտում article-date 21:00 27-08-2020

Կարանտինի ժամանակահատվածում փոխվել է մարդկանց աշխարհայացքը

Կարանտինի ժամանակահատվածում փոխվել է մարդկանց աշխարհայացքը և աշխարհընկալումը։ Շատ բան է փոխվել հատկապես սպորտում: Մարզաշխարհի մարդիկ ու նաև մենք՝ մարզական լրագրողներս, հասկացանք, թե որքան փխրուն է աշխարհը։ Կորոնավիրուսի վայրիվերումների պատճառով հայտնի չէ, թե երբ հնարավոր կլինի վերադառնալ բնականոն ռիթմին․ ամենօրյա սովորական մարզումներին, ուսումնամարզական հավաքներին և կանոնավոր, պատասխանատու մրցումներին։ Մի խոսքով հայտնվել ենք բարդ ժամանակաշրջանում և դժվարությունների արդյունքում մարդկությունը , իհարկե նաև մարզաշխարհի ներկայացուցիչները, հասկացան, թե որքան արագ փոխվեց աշխարհը ու դրանից հետո միայն գնահատվեց նախկինում եղած բազում հնարավորությունները։ Նկատի ունենք առաջին հերթին տեղաշարժվելու ազատությունը, ճանապարհորդությունը և մեր պարագայում ՝ մարզակյանքի, նույնիսկ ՝ յուրաքանչյուր պահի արժեքը։ Իհարկե, մարզիկները փորձեցին իրենց ժամանակը լրացնել ընդհանուր, հատուկ ֆիզիկական և մասնագիտական վարժություններով։ Հասկանալի է, դժվար է, ձանձրալի, անսովոր: Նրանք կարոտել են հավաքները, մրցաշարերը, օդանավակայանները, չվերթները, հյուրանոցները և գործընկերների հետ շփվելու, զրուցելու մթնոլորտը: Եվ սակայն, պետք է հավատալ ցանկալի ապագային ու ակնկալել, որ կրկին ամեն բան կընկնի հունի մեջ։ Այս մտորումներով զրուցեցինք Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, Տոկիոյի օլիմպիական խաղերի մրցավարական հանձնախմբի անդամ , երևանցի Հակոբ Սերոբյանի հետ։ Նա մասնավորապես ասաց, որ հավաքականը պարետի թույլտվությունից հետո, մայիսի չորսից, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի դահլիճում սկսեց մարզումները։ Կատարվում են անհատական աշխատանքներ։ Հաջող վիրահատություն տանելուց հետո, վերականգնվում, վնասվածքները բուժում են Արթուր Թովմասյանը և Արթուր Ավետիսյանը։ Նրանց հետ աշխատում ենք չափազանց զգույշ, բժիշկների ցուցումներով և խորհուրդներով։ Բնականաբար ուշադրության կենտրոնում է օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը։ Հենացատկի այդ վարպետի հետ նոր տարր ենք մշակում։ Եթե ցանկալի արդյունքի հասնենք, ապա դրա շնորհիվ համաշխարհային մարմնամարզությունում, հենացատկ մրցաձևում, կգրանցվի ամենաբարդ ցատկը՝ բարդության արժեքով, միավորների բարձր գնահատականով և հայկական ՝ << Արթուր Դավթյան >> անունով։ Սա, իհարկե, չափազանց լուրջ, նվիրական աշխատանք է պահանջում։ Բայց մեզանում եղած հենացատկի պայմաններում հնարավոր չէ ձեռք բերել անհրաժեշտ մարզավիճակ։ Սպասում ենք սահմանի բացմանը, որպեսզի նոր տարրը հղկենք Թբիլիսիում, որտեղ առկա են ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններ ․ ․ ․

Նմանատիպ նյութեր