211652_close_icon
views-count3160 դիտում article-date 23:06 22-08-2020

Անահիտ Մանասյան. Դեմ եմ քվեարկել Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին

Իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հաձնաժողովը 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է բարձրագույն դատական ատյանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Արժևորելով հեղինակների կողմից ներկայացված առաջարկը՝ դեմ եմ քվեարկել վերջինիս՝ հետևյալ պատճառաբանությամբ. Կարծում եմ, որ ցանկացած ֆունդամենտալ փոփոխության պատշաճ իրացում ենթադրում է լուրջ մարդկային, մասնագիտական, նյութական և այլ ռեսուրսի ներգրավում ու կենտրոնացում: Ավելին, ֆունդամենտալ փոփոխությունը նաև հոգեբանական հենք է ենթադրում: Այդ է պատճառը, որ նման փոփոխությունը կարող է հաջողել սոսկ մի դեպքում՝ եթե վերջինիս հիմքում ընկած են արժանահավատության լրջագույն աստիճան ունեցող, կոնկրետ, հստակ և ամբողջական հիմնավորումներ և դրանց վրա հիմնված՝ տեսանելի սահմանադրական անհրաժեշտություն: Ավելին, ֆունդամենտալ փոփոխության առնչությամբ ցանկացած որոշում պետք է հիմնված լինի առկա խնդիրների, առաջարկվող լուծումների և հնարավոր ռիսկերի գնահատման ու դրանց միջև պատշաճ հավասարակշռություն գտնելու հանգամանքի վրա: Ներկայացված հիմնավորումները ինձ մոտ չեն ձևավորել այն մասնագիտական տպավորությունը, որ առկա է նշված հիմնարար փոփոխությունն իրականացնելու սահմանադրական անհրաժեշտություն՝ հիմնված վերոգրյալ չափանիշների վրա: Ակնհայտ է, որ Հայաստանի արդարադատության, այդ թվում՝ սահմանադրական արդարադատության համակարգը ունի զարգացման և կատարելագործման անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ, հարցադրմանը մասնագիտական տեսանկյունից մոտենալու պարագայում դա հնարավոր է իրականացնել նաև սահմանադրական արդարադատության գործող մոդելի շրջանակներում։ Մնացյալ մասնագիտական հիմնավորումները կներկայացնեմ սահմանված ընթացակարգի շրջանակներում»:

Նմանատիպ նյութեր