211652_close_icon
views-count1508 դիտում article-date 09:50 21-08-2020

Թունավորե՞լ են, թե՞ թունավորվել է Ալեքսեյ Նավալնին․ «Ամերիկայի ձայն»

Տոմսկից դեպի Մոսկվա թռչող օդանավը Օմսկում հինգշաբթի օրն իրականացրեց արտակարգ վայրէջք, երբ ուղեւորներից մեկը կորցրեց գիտակցությունը: Թունավորվել էր Ռուսաստանի նախագահի գլխավոր քննադատ, ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնին: Հիվանդանոցի բժիշկները, ուր տեղափոխվել է Նավալնին, ասում են, որ Նավալնիի առողջական վիճակը չնայած կայուն, սակայն ծանր է: Բժիշկների կարծիքով չի բացառվում թունավորումը, սակայն մանրամասնություններ չեն հաղորդվում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5551381.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նավալնին այժմ կոմայի մեջ է ու նրան է միացված արհեստական շնչառության սարքավորում: Ինչպես ուղեւորներն են պատմում, «Թռիչքի սկզբում նա գնացել է զուգարան ու չի վերադարձել: Ապա ուղեւորներն են փորձել Նավալնիին հետ բերել, երբ նա ցավից գոռում էր»: «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալության հաղորդագրությունների համաձայն, քննիչները չեն կարծում, որ այն դիտավորյալ թունավորում է: Չի բացառվում, ասում են նրանք, որ Նավալնին ինքն է նախորդ օրը խմել ինչ որ բան: Հիշենք, որ Նավալնիին անցյալ տարի բանտից տեղափոխեցին հիվանդանոց, երբ նորից կային կասկածներ, որ նրան թունավորել էին: Բժիշկներն ավելի ուշ հայտարարեցին, որ նա տառապում է ալերգիկ ուժեղ հակազդեցությամբ եւ մյուս օրը վերադարձրին բանտախուց: «Թունավորելու մասին կասկածները ճշտելու համար հարկավոր է լաբորատոր ստուգումների արդյունքը»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ինչպես 2011 թվականին Նավալնիի հիմնած Հակակոռուպցիոն հիմնադրամի մամլո քարտուղար Կիրա Յարմիշն է գրել թվիթերյան իր էջում, «Մենք կասկածներ ունենք, որ Նավալնին թունավորվել է թեյի մեջ լցված ինչ որ բաղադրությունից»: Նա ավելացրել է նաեւ, որ այդ առավոտ Նավալնին միայն թեյ է խմել: Ըստ մասնագետների, թունավոր նյութերն օրգանիզմում ավելի արագ են լուծվում տաք հեղուկ ընդունելու դեպքում: Այժմ օդանավակայանի սրճարանի ղեկավարությունը, որտեղից Նավալնին գնել է թեյը, ուսումնասիրում է տեսախցիկների տեսագրությունները, պարզելու համար, թե արդյոք որեւէ մեկը ինչ որ բան է լցրել նրա թեյի մեջ: Հիմնադրամի խոսնակն ասել է, թե բժիշկները նախապես պատրաստ են եղել իրենց տրամադրել յուրաքանչյուր տեղեկություն, սակայն ավելի ուշ ասել են, թե թունաբանական թեստերը հետաձգվում են: Նա կարծում է, որ բժիշկներն այժմ ժամանակի վրա են խաղում եւ չեն ասում այն, ինչ իրենք գիտեն: Բժիշկները, ըստ հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալի, այս պահին պայքարում են Նավալնիի կյանքի համար: Կրեմլի խոսնակն ասել է, թե իրենք կքննարկեն Նավալնիի բուժումն արտասահմանում իրականացնելու հարցը, եթե դրա կարիքը լինի: Եթե ի վերջո հաստատվի, որ սա դիտավորյալ թունավորում էր, Նավալնին կմիանա Ռուսաստանի իշխանություններին քննադատող այն անձանց շարքին, որոնք արժանացել են գրեթե նույն այս ճակատագրին: Հիշենք այդ շարքի մեջ մտնող անձանց. Քաղաքական գործիչ Բորիս Նեմցով, լրագրող Աննա Պոլիտկովսկայա, որոնք զոհ էին գնացել հրազենային հարձակումների, Ալեքսանդր Լիտվինենկո, որը մահացել էր թունավորումից: Մեկ այլ լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան դեռեւս ողջ է, սակայն վստահ է, որ երկու անգամ թունավորվել է Ռուսաստանի անվտանգության ծառայությունների կողմից: Նավալնիի անձնական բժիշկ Անաստասիա Վասիլեւան առաջարկել է նրա բուժումը շարունակել Եվրոպական թունաբանական որեւէ կենտրոնոմ, սակայն Օմսի հիվանդանոցի բժիշկները հրաժարվել են ներկայացնել նրա առողջական վիճակի մասին փաստաթղթերը:

Նմանատիպ նյութեր