211652_close_icon
views-count4446 դիտում article-date 13:07 20-08-2020

Փաշինյանը հիշեց «Պազ»-ի պատմությունը. Վանաձորը մնում է առաջատարը COVID 19 վարակման դեպքերով

Լոռու մարզը, հատկապես Վանաձոր քաղաքը շարունակում էր դեպքերով ավելի բարձր լինել, քան մյուս մարզերը և քաղաքները։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այնպես է ստացվել, որ տարբեր տեսակի հաստատություններից վերցրած գրեթե բոլոր տեղերում ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաներից։ Նրանցից մեկում օրինակ 200 նմուշից 50-ը դրական է եղել, ասիմպտոմ։ Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում պարզապես կանոնները չեն պահպանվում ընդհանրապես։ Օրինակ «Հայփոստ»-ի գրասենյակում ունենք զրո դրական, բժշկական կենտրոն զրո դրական, մեկ ուրիշ կարի ֆաբրիկա էլ ունենք Վանաձոր քաղաքից դուրս էլի զրո դրական։ Ակնհայտ է՝ այնտեղ, որտեղ պկանոնները պահպանվում են, ունենք լավ արդյունքներ։ Եթե նույնիսկ զրո էլ չի, շատ փոքր թվեր են։ Կարծում եմ՝ պետք է շարունակական լինեն մեր և տնտեսվարողների շահերը»,-ասաց Արսեն Թորոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսչական մարմիններին հորդորեց զբաղվել այդ երկու տեքստիլ ընկերություններով. «Դա նշանակում է՝ քրոնիկ բնույթ են կրում։ Նախորդ ճգնաժամից հետո, եթե էլի այդ իրավիճակը կա, սա արդեն մեծ պրոբլեմ է»: Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ նշեց, որ ոչ միայն Վանաձորում գործող տեքստիլներում, այլև ընդհանուր առմամբ այդ ոլորտում վերահսկողական աշխատանքները շարունակվում են. «Այստեղ մի կարևոր նրբություն կա։ Մեր կողմից սահմանված կանոնները, օրինակ պարտադիր ջերմաչափում, փակ աղբամանների տեղադրում, սոցիալական հեռավորության պահպանում, դրանք պահպանվում են։ Ամենայն հավանականությամբ այդ վարակակիրները, որոնք հայտնաբերվում են տեքստիլ արդյունաբերության ոլորտում, շատ հնարավոր է՝ դրսից է բերվում»: Փաշինյանը նկատեց՝ եթե բոլոր տեղերը ստուգում են և դրական դեպքերը զրո է, բայց իրենց մոտ 50 է, նշանակում է, որ իրենք են օջախը. «Եթե ուրիշ տեղերից բերած լիներ, պետք է լիներ ուրիշ տեղեր 200, իրենց մոտ 50։ Ես էլի հիշեցի լեգենդար «Պազ» ավտոբուսը, որի մեջ աշխատանքի գնալ-գալուց սահմանվածից կրկնակի ու եռակի ավել մարդիկ են նստում»:

Նմանատիպ նյութեր