211652_close_icon
views-count1364 դիտում article-date 11:13 20-08-2020

Գյուղատնտեսությունը մեր տնտեսության ամենադեպրեսիվ ճյուղերից մեկն է, որտեղ կյանքը, կարծես թե, կարգ է առել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այս տարվա ընդունելության քննությունների «ամենահուզիչ» հարցն էր, թե ինչու ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 18.75-ը անցողիկ թվանշան չէր: Բնականաբար, հետաքրքիր է, թե ինչու են «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտություններն այդքան պահանջված: Հուսամ, այսօրվա ոչ բոլոր երիտասարդներն են երազում «մենթության» («գործ կարելու», իսկ այնուհետև փողով «ջրելու») մասին: Կարծում եմ նաև, որ ոչ բոլորն են իրենց պատկերացնում շամպայնի բաժակը ձեռքին դիվանագիտական ընդունելության լուսավոր սրահներում ճեմելիս: (Իրականում դիվանագիտությունը ծանր և լարված գործ է՝ մանավանդ մեր նման ոչ հարուստ երկրում): Բայց ավելի հետաքրքիր է, թե ինչու են որոշ մասնագիտություններ մեր երիտասարդների կողմից անտեսված: Այդ առումով բերեմ մի քանի բնորոշ օրինակ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Ճարտարապետության և շինարարության համալսարանի «շինարարություն» մասնագիտությունից 410 տեղ մնացել է թափուր: «Շինարար ազգի» համար բավականին հետաքրքիր ցուցանիշ է: Ագրարային համալսարանում 194 թափուր տեղ է մնացել Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում, 224՝ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում, 103՝ ագրոնոմիական ֆակուլտետում: Սա այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 20 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ: Պարզ է, որ ԿԳՄՍ նախարարությունը և մասնագետները պիտի խորը վերլուծեն պատճառները, բայց դրանցից մեկը, կարծես թե, մակերեսի վրա է՝ աշխատաշուկայի վիճակը: Գյուղացիական տնտեսությունները կարիք չունեն մասնագետների՝ չնայած «պաշտոնապես» հայտարարում են, որ դա այդպես չէ, որ իրենք երազում են ունենալ գյուղատնտես կամ անասնաբույժ, բայց ոչ ոք չի գալիս աշխատելու: Բայց փաստն այն է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության ամենադեպրեսիվ ճյուղերից մեկն է, որտեղ կյանքը կարծես թե կարգ է առել մոտավորապես 1970-ական թվականներին: Այս վիճակում, հավանաբար, ոլորտը կարիք չունի երիտասարդների ստեղծագործ ակտիվության, իսկ գյուղում մնացած տարեց մարդիկ իրականում այլ բանի մասին են երազում՝ «մի հատ զավոդ լիներ, մարդիկ գնային աշխատելու»: Հող մշակելու ցանկությունը գյուղաբնակներից շատերի մոտ մարել է, և դա ոչ 2, ոչ էլ անգամ 20 տարվա խնդիր է: Նույնը՝ շինարարությունը, որն իրականացվում է այնպիսի մասշտաբներով, որ ճարտարագետ շինարարների սահմանափակ թիվը միանգամայն բավարար է: Իհարկե, աշխատաշուկայի վիճակը միայն բացատրությունը չէ. պետք է ենթադրել, որ խնդիր կա բուն այդ բուհերում՝ դասավանդման մեթոդների, շրջանավարտներին հետագա մասնագիտական գործունեության համար ավելի պիտանի դարձնելու մեջ: ԿԳՄՍ նախարարությունում սիրում են «վերջնարդյունք» բառը: Գուցե թափուր տեղերի քանակը բուհերում այդ «վերջնարդյունքի» դրսևորումներից մեկն է: Ոչ միայն այդ նախարարությունը, այլև ամբողջ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի «անտեսված մասնագիտություններն» ավելի գրավիչ դարձնելու համար: Մյուս կողմից, «գրավչությունը» գալիս է ոչ միայն դրսից, այլև ներսից. կարելի է փողոց ավլել և այդ աշխատանքի մեջ իմաստ տեսնել, և կարելի է նաև միջազգային կորպորացիայի «թոփ-մենեջեր» լինել ու ամեն օր գնալ գործի՝ սեփական բախտն անիծելով»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր