211652_close_icon
views-count2435 դիտում article-date 15:19 17-08-2020

Ադրբեջանը` օրբիտրալ «զոնդաժի» կեղծ տեղեկությունների տարածմամբ կարող է վտանգավոր էսկալացիայի տանել․ Արտակ Զաքարյան

Ադրբեջանը` օրբիտրալ զոնդաժի կեղծ տեղեկությունների տարածմամբ կարող է վտանգավոր էսկալացիայի տանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նա, մասնավորապես գրել է. «Ադրբեջանը` օրբիտրալ զոնդաժի կեղծ տեղեկությունների տարածմամբ կարող է վտանգավոր էսկալացիայի տանել Օգոստոսի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ “Ազերկոսմոս” ԲԲԸ-ն, “Azersky” սպուտնիկի միջոցով իրականացված մոնիտորինգի արդյունքներով, համատեղ հայտարարություն են տարածել` կապված Ադրբեջանի այսպես կոչված օկուպացված տարածքներում, մեր կողմից իրականացվող «ապօրինի» գործունեության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես խոսվում է մի շարք բնակավայրերում իբրեւ թե վերաբնակեցման ծրագրերի իրականացման մասին: Արցախի հանրապետության տարածքի տիեզերական զոնդաժի եւ տվյալների վերաբերյալ արված պաշտոնական հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանն այսուհետ լայնորեն կիրառելու է տիեզերական զոնդաժի գործիքակազմը` իր հակահայկական տեղեկատվական-քարոզչական դաշն ընդլայնելու եւ “հավաստիության” նոր, կեղծ պատկեր ստանալու համար: Նշեմ, որ 2018թ. նոյեմբերին Ալիեւի կողմից հաստատվել է «Azerskay»-ի միջոցով տիեզերական հետախուզության իրականացման 2019-22թթ. պետական ծրագիրը, որում ներառված եւս երկու այլ սպուտնիկներ նախատեսված են հեռուստառադիոկոմունիկացիոն խնդիրների համար: Դրանց կառավարման կենտրոնները տեղադրված են Բաքվում եւ Նախիջեւանում: Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի կողմից հարց բարձրացվի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության տարածքի օրբիտրալ համատեղ զոնդաժի համար: Այն նոր հնարավորություն կստեղծի առաջին հերթին հրադադարի խախտման պատճառների մոնիտորինգի եւ միջազգային հետաքննության հավաստի մեխանիզմների ներդրման առումով: Փաստացի Ադրբեջանն, իր գործիքակազմում, հնարավոր համարում է հակամարտության սահմանագծերում եւ հարեւան պետության տարածքում տարատեսակ գործունեության վերաբերյալ, տիեզերական հետազատության տվյալների հրապարակումները: Հետեւաբար, Հայաստանին ոչինչ չի խանգարում, հակամարտության խաղաղ կարգավորման, շփման գծում օպերատիվ վերահսկողության եւ մոնիտորինգի շահերից ելնելով առաջ քաշել ՌԴ, ԱՄՆ կամ Ֆրանսիայի համատեղ համապատասխան զոնդաժի իրականացման համար: Դրա իրավաքաղաքական հիմքը հենց 2016թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ձեռքբերված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են: Նշեմ, որ ժամանակին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ մշակվել է համապատասխան նախագիծ, որն այսօր արդեն հնարավոր կլինի կիրառության մեջ մտցնել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Հիմնավորումն այն է, որ Ադրբեջանն արդեն իսկ տիեզերական զոնդաժի տվյալների հրապարակմամբ աղավաղում է հակամարտության էությունը, եւ կարող է կեղծ տեղեկությունների տարածմամբ վտանգավոր էսկալացիայի տանել հակամարտության գոտին: Ուստի անհրաժեշտ է իրականությունը ֆիքսող մոնիտորինգ եւ օրբիտրալ զոնդաժի այլընտրանքային տվյալներ»։

Նմանատիպ նյութեր