211652_close_icon
views-count2842 դիտում article-date 18:40 13-08-2020

Ռուսական պատվաստանյութի վերաբերյալ չենք ստացել բավարար տեղեկատվություն, որպեսզի կարողանանք տալ մեր գնահատականը. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

‘’Ես կասկածում եմ, որ Ռուսաստանն ունի իր ստեղծած պատվաստանյութի արդյունավետ ու ապահով լինելու մասին ապացույցներ’’: Այս մասին է ասել ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթընի Ֆաուչին, ու ավելացրել, որ պատվաստանյութ ունենալը մեկ բան է, դրա անվտանգ լինելու հանգամանքը` մեկ այլ: ‘’Սակայն ես չեմ լսել որեւէ ապացուցող փաստարկ այն մասին, որ ռուսական պատվաստանյութը չունի կողմնային վտանգավոր հետեւանքներ’’, ասել է նա ու շեշտել, թե ինքը կասկածում է, որ ռուսները ստուգել են դրա անվտանգ լինելու հանգամանքը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5540954.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ օրն էր հայտարարել, թե իր երկիրն աշխարհում առաջինն է, որը երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում փորձարկումներ իրականացնելուց հետո, գրանցել է կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութը: Մի բան, որը Մոսկվան համարում է գիտական թռիչքի վկայություն: Աշխարհի գիտնականներն ասում են սակայն, թե այս պատվաստանյութը դեռեւս ունի փորձարկումների վերջին փուլն անցնելու կարիք: Ինչպես Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի ու ԱՄՆ-ի գիտնականներն են հայտարարում, հարկավոր է լինել շատ զգույշ: Նրանց պարզապես չափազանց կասկածելի է թվում պատվաստանյութի կիրառումն արտոնելու նման արագությունը: Աշխարհի գիտնականներից շատերն են ապշում, որ առանց վերջնական փուլն իրականացնելու, Ռուսաստանը պատրաստվում է սկսել զանգվածային արտադրություն: Ռուսաստանում այս պատվաստանյութը գրանցելու հանգամանքը թույլ է տալիս հոկտեմբեր ամսից սկսել մարդկանց զանգվածային պատվաստումներ այստեղ: Ռուսաստանի Ինքնիշխան հարստության հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիեւը ողջունում է պատվաստանյութը գրանցելու հանգամանքը ու այն անվանում ‘’Սպուտնիկի պահ’’, այն համեմատելով Խորհրդային Միության կողմից 1957 թվականին աշխարհի առաջին արհեստական արբանյակը` ‘’Սպուտնիկ’’-ը տիեզերք արձակելու պահի հետ: ‘’Սպուտնիկ’’ արհեստական արբանյակը տիեզերքում առաջ անցավ աշխարհից ու մասնավորապես ԱՄՆ-ից, ‘’Սպուտնիկ’’ անվանումը կրող պատվաստանյութն էլ կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարում է անցնում առաջ բոլորից: Այսպես են արտահայտվում ռուս պաշտոնատար անձինք: Սակայն փորձագետները հիշեցնում են ռուսներին, որ կլինիկական փորձարկումների միայն 10 տոկոսն է եղել հաջողված: Եվ մինչեւ փորձարկումների երրորդ փուլը սկսելը պատվաստանյութին արագ արտոնագիր տալու հանգամանքը նրանց թույլ է տալիս ենթադրել, որ Մոսկվան իր հեղինակությունն է ուզում բարձրացնել` մարդկանց առողջությունը վտանգի տակ դնելու եղանակով: Անտեսելով աշխարհի գիտնականների հորդորները` Պուտինը գովաբանում է Մոսկվայի Գամալեյայի հաստատության կողմից ստեղծված պատվաստանյութը ու հայտարարում, որ այդ պատվաստանյութով պատվաստում է անցել նաեւ իր դուստրը: Իսկ ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է տեղեկացնում, ռուսական պատվաստանյութի վերաբերյալ այն չի ստացել բավարար տեղեկատվություն, որպեսզի կարողանար տալ իր գնահատականը: Այս պահին ԱՀԿ-ը կապի մեջ է Ռուսաստանի արտոնագրային վարչության հետ եւ սպասում է հավելյալ տեղեկությունների, ու նորից շեշտում, որ… ‘’Որեւէ պատվաստանյութ գրանցելու համար գոյություն ունեն կարեւոր կանոններ: Կանոններ`դրա արդյունավետության եւ մարդկանց համար անվտանգ լինելու հանգամանքն ապացուցող փաստերի մասին’’:

Նմանատիպ նյութեր