211652_close_icon
views-count2944 դիտում article-date 09:25 13-08-2020

Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին կրկին ակտիվացել են աշխատանքները թե՛ Ընտրական օրենսգրքի քննարկումների, թե՛ սահմանադրական փոփոխությունների շուրջ: Եվ եթե սահմանադրական փոփոխությունների հարցում ավելի ակտիվ են մասնագիտական հանձնաժողովի անդամները, ապա Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնողն ու ջատագովը հենց իշխող խմբակցությունն է: Բանն այն է, որ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը առցանց ձևաչափով սկսել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները: Արդեն տեղի է ունեցել առաջին հանրային քննարկումը, և թեմաներն էին նախընտրական քարոզարշավը, քարոզարշավի ֆինանսավորումը, վարչական ռեսուրսի չարաշահման արգելքը: Նկատենք, սակայն, որ իշխանական խմբակցությունը նպատակ ունի Ընտրական օրենսգրքի փաթեթը լիագումար նիստերի օրակարգ բերել միայն գարնանային նստաշրջանին։ Հիշեցնենք, որ այս փաթեթի համար հիմք է հանդիսանում դեռ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, որը չընդունեցին խորհրդարանում դեռևս մեծամասնություն կազմող հանրապետականները: Նկատենք՝ երեկ միայն առաջին հանրային քննարկումն էր, և դեռ մի քանի նման քննարկումներ կլինեն առանձին թեմաներով։ Օգոստոսի 14-ին էլ կքննարկվի համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումների հարցը: Հավելենք, որ աշխատանքային խմբում ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ։ Հավելենք, որ այս նախագծի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար, և այժմ ստացած առաջարկների վրա են աշխատում։ Իսկ, ահա, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները հայեցակարգը պետք է ներկայացնեն մինչև տարեվերջ, սակայն քվեարկությունը խորհրդարանում կրկին նախատեսված է հաջորդ տարի: Այսինքն՝ հաջորդ տարին ակտիվ է լինելու նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքերի ընդունման առումով: Մենք տեղեկացանք, որ այս պահին երկու խումբն էլ շարունակում են աշխատանքները ժամկետներում տեղավորելու համար»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր