211652_close_icon
views-count1910 դիտում article-date 16:44 11-08-2020

Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը

Ազգային ժողովը օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան, որին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և գործադիր իշխանության պատասխանատուները: Բացելով նստաշրջանի աշխատանքը` Աժ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն ու վշտակցություն է հայտնել Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ մայրաքաղաք Բեյրությում պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ և մաղթել տոկունություն ու ոգու արիություն՝ արհավիրքի ցավին դիմանալու համար: Խորհրդարանի ղեկավարը նաև հավելել է, որ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու համար Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը կմասնակցեն նաև Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը: Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ նախաձեռնողի՝ ԱՀ նախագահի առաջարկով արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են ›«Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի կողմից առաջարկված՝ «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որով նախատեսվում է՝ առաջին ընթերցմամբ ընդունված «ԱՀ 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը: Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով ›«Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է ԱՀ նախագահի 2020-2025թթ-ի ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ: Նախարարի փոխանցմամբ, առաջարկվող փոփոխությամբ կիրականացվեն ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, չգազաֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի սուբսիդավորման, սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման, անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ներդրման այս և այլ ծրագրեր: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում 2020թ-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 126մլրդ 49 մլն 399,2հազ դրամ (ավելացումը՝ 5,100մլն դրամ), ծախսերը՝ 135մլրդ 650մլն717,7հազ դրամ, (ավելացումը՝ 14, 810.0մլն ), դեֆիցիտը՝ 9մլրդ 601մլն 318,5հազ դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին: Պատգամավորները Ֆինանսների նախարարին են առաջադրել բյուջեյի ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր: Գլխադասային՝ Աժ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ Դավիթ Մելքումյանը, Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Էդուարդ Աղաբեկյանը: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահն անդրադարձել է առաջադրված հարցերին և պատրաստակամություն հայտնել բյուջեի որոշ դրույթների վերաբերյալ պատգամավորների հետ առաջիկայում կազմակերպել քննարկումներ: Ամփոփելով ելույթը՝ ԱՀ նախագահը նաև խոսել է երդմնակալության արարողության ժամանակ Ազգային ժողովի նստավայրը քաղաք Շուշի տեղափոխելու իր առաջարկության մասին, նշելով, որ առաջարկը նախատեսվում է քննարկել և կյանքի կոչել մինչև 2022 թվականը: Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարել նաև նախագահական նստավայրի Շուշի տեղափոխելու հավանականությունը: Նախագահի ելույթից հետո քվեարկության է դրվել ›«Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 26 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հաջորդիվ Ֆինանսների նախարարը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղիակի հիմնավորմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ԱՀ նախագահի 2020թ-ի մայիսի 26-ի հրամանագրով սահմանված ԱՀ կառավարության կառուցվածքին համապատասխան նոր ստեղծված պետական կառավարման մարմիններում պետական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների սահմանման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման նոր գործակիցներ սահմանել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար, որը պայմանավորված է ՀՀ-ում 2019թ. սեպտեմբերից տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժոովում և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների բարձրացմամբ: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթով հանդես է եկել պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Քվեարկության արդյունքում՝ 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ օրենքն ընդունվել է: ԱԺ արտահերթ նստաշրջանը կշարունակի իր աշխատանքները 18:25-ին: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի ›«Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:

Նմանատիպ նյութեր