211652_close_icon
views-count2147 դիտում article-date 16:48 10-08-2020

Սեւանի քաղաքապետը խրախուսել է Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանին

Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը մարզական հերթական հաղթանակից հետո ընդունել եւ խրախուսել է Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի ծանրամարտի խմբի սան Ալինա Սուքիասյանին ու մարզիչ Գառնիկ Աբրահամյանին: Ինչպես տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավարը նրանց արժանացրել է պարգեւի եւ հատուկ ուշադրության: «2020 թվականը ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանի համար դարձավ վճռորոշ. նախ` փետրվար ամսին ՀՀ ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում նա ցուցաբերեց մարզական եւ կամային լավագույն որակներ, որի արդյունքում 59 կիլոգրամ քաշային կարգում գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը: Հուլիս ամսին էլ Ալինա Սուքիասյանը գրանցեց եւս մեկ մարզական նշանակալից հաղթանակ` դառնալով ՀՀ պատանիների եւ աղջիկների ծանրամարտի առաջնության չեմպիոն: Ամառվա հերթական առաջնությունը կայացավ օգոստոսի 3-ին: Ալինան գլխավորեց Հայաստանի երիտասարդների առաջնության լավագույն եռյակը` ցույց տալով երկամարտի 130 կգ. արդյունք: Չնայած կորոնավիրուսի համավարակին եւ արտակարգ դրության պայմաններին` Ալինան չի կորցրել մարզական տեմպը, մշտապես գտնվել է պարապմունքների մեջ, որոնք էլ դարձան ցանկալի ու սպասված հաղթանակների նախապայմանը: Ինչպես նշում է Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը, մարզիչ Գառնիկ Աբրահամյանի տքնաջան ու նվիրյալ աշխատանքն այս անգամ էլ տվեց ցանկալի արդյունք` համայնք բերելով հերթական ոսկե մեդալը: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, շնորհավորելով մարզիկին, եւս մեկ անգամ կարեւորեց երեխաների եւ պատանիների շրջանում մարզական ակտիվ կյանքի ներկայությունը: Ալինան ընդգրկված է ՀՀ հավաքականի կազմում եւ առաջիկայում մասնակցելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը` իր համար հարթելով մարզական նվաճումների մի նոր աստիճան»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Նմանատիպ նյութեր