211652_close_icon
views-count1809 դիտում article-date 11:42 06-08-2020

Այս դժվարին պահին չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի ժողովրդի ու բեյրութահայերի կարիքներին. ՀՀ վարչապետ

ՀՀ կառավարության նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց գործադիրի անունից Լիբանանի ղեկավարությանն ու ժողովրդին ուղղված ցավակցական խոսքերով: «[url=https://armenpress.am/arm/news/1024195.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշեց, որ այս դժվարին պահին Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայքնի կարիքների նկատմամբ: «ՀՀ կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին: Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է: Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով: Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը: Այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը, որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն: Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայքնի կարիքների նկատմամբ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի ներածի չափով աջակցություն է ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին: Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 11 հայ կա։ Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: «Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով: ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով:

Նմանատիպ նյութեր