211652_close_icon
views-count2886 դիտում article-date 10:47 31-07-2020

Հայաստանում բնապահպանական խնդիրները համակարգային լուծում չեն ստանում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բնապահպանական խնդիրները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում, սակայն մեծամասամբ համակարգային լուծում չեն ստանում: Լուծումները կան, բայց գործընթացներն ընթանում են դանդաղ, մինչդեռ կան հարցեր, երբ հապաղելը կարող է շատ թանկ արժենալ բնության, նաև մարդկանց համար: Իհարկե, ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սևանա լիճը, որն ամեն տարի ծաղկում է, լողալու համար դառնում է ոչ պիտանի, բայց ամենակարևորն՝ արդեն իսկ հնչեցվում է դրա ճահճացման ահազանգը: Բնապահպանական կարևորագույն խնդիրներից հաջորդն, իհարկե, հանքարդյունաբերությունն է՝ անուշադրության մատնված պոչամբարներ, չգործող, բայց ռեկուլտիվացիայի չենթարկված հանքեր և այսպես շարունակ: Սրանք ոլորտի եզակի խնդիրները չեն, բայց թերևս ամենակարևորներից են: Բնապահպան Կարինե Դանիել յանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս ոլորտում կան երեք հիմնական ուղղություններ, որոնք հատկապես պետք է ուշադրության կենտրոնում պահել: «Գործողություններ արվում են, բայց դա շատ քիչ է: Հայաստանի փոքր տարածքում էկոլոգիական խնդիրները շատ կարևոր են, իսկ դրանց վրա ուշադրություն, կարծես թե, երբեք էլ չի դարձվել: Այս առումով խնդիրները կուտակվել են, խորացել. Սևանա լիճը՝ որպես պարզ օրինակ: Այն, որ այսօր Սևանա լիճը ծաղկում է, ոչ թե մեկ տարվա, այլ տասնամյակների հետևանք է՝ լճի մակարդակի իջեցում, աղտոտվածության աճ, ձկնային պաշարների կրճատում և այլն: Իհարկե, հիմնականն աղտոտվածությանն ու մակարդակի իջեցման խնդիրն է, ինչի հետևանքով մենք արդեն ունենք ճահճացող Սևան, որը շատ լուրջ խնդիր է մեզ համար, բայց կարծում եմ, որ դրա գիտակցումը չկա: Սրա մասին միշտ ենք խոսել, գրել, զգուշացրել: Ծրագրերը մշակված են դեռևս խորհրդային տարիներից: Շատ քիչ բան է արվել: Մենք միշտ խոսում էինք վատագույն սցենարի մասին, որ եթե չարվեն կոնկրետ քայլեր, ապա կսկսվի լճի ճահճացումը, հիմա այդ սցենարի ականատեսն ենք: Ամենակարևորն այն է, որ եթե այսպես շարունակվի, մենք Սևանա լճի ջուրը չենք կարող օգտագործել ո՛չ ոռոգման, ո՛չ էլ որևէ այլ նպատակով: Սևանը քիչ-քիչ կդադարի տուրիզմի կենտրոն լինելուց: Հակառակը՝ ջրերը իրար հետ կապված են, եթե Սևանը աղտոտվում է, ճահճանում է, դա ազդում է Հայաստանի գետերի վրա: Սա Հայաստանի կորուստն է, բայց այդ գիտակցությունը չեմ տեսնում հատկապես ղեկավարության մոտ: Ես հետևյալ կերպ կվարվեի՝ կմիավորեի ժողովրդի, միջազգային կազմակերպությունների և սփյուռքի ջանքերը Սևանը փրկելու համար»,-ասում է Դանիելյանը: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր