211652_close_icon
views-count5159 դիտում article-date 14:36 29-07-2020

Շվեյցարիայում կազմակերպված «Հայկական երեկո» համերգային ծրագրում հնչել են հայ կոմպոզիտորների գործեր

Շվեյցարիայում անցկացվող Puplinge Classique հեղինակավոր փառատոնի շրջանակում հուլիսի 28-ին անցկացվել է «Հայկական երեկո» խորագրով համերգային ծրագիրը, որի շրջանակում մի շարք հայ երաժիշտներ կատարել են ոչ միայն հայ, այլև այլազգի ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ: «[url=https://armenpress.am/arm/news/1023396.html]Արմենպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում hամերգային ծրագրի համակարգող Անի Գասպարյանը hայտնեց, որ փառատոնի շրջանակում «Հայկական երեկոն» անցկացվում է 2013 թվականից ի վեր, և այն շատ պահանջված է: «Երեկոյին ելույթ են ունենում հայ երաժիշտները, որոնք, օտարազգի կոմպոզիտորների գործերից զատ, ներկայացնում են նաև հայ կոմպոզիտորների երկեր: Այս տարի հնչեցին Կոմիտասի երգերը: «Կանչե, կռունկ», «Շողեր ջան», «Երկինքն ամպել է», «Ծիրանի ծառ» ստեղծագործությունները կատարեց մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը, դաշնակահարը Վահան Մարտիրոսյանն էր: Նաև հնչեցին հատվածներ Շտրաուսի, Դվորժակի, Ռավելի և Բիզեի երկերից: Համերգի երկրորդ մասում Էդվարդ Գրիգի սոնատը դաշնամուրի և ջութակի համար նվագեցին ջութակահար Լուսինե Հարությունյանը և դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, իսկ երեկոյի ավարտին հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից»,- նշեց Գասպարյանը: Նրա խոսքով՝ որպես բիս Ջուլիետ Գալստյանն առանց նվագակցության երգել է Կոմիտասի «Օրորը», Հարությունյանն ու Մարիտորսյանն էլ նվագել են Կոմիտասի «Կռունկը», այն նվիրելով օրերս հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով զոհված հայ հերոսներին: Երեկոյին ներկա են եղել Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, բազմաթիվ շվեյցարացի երաժշտասերներ, միջազգային կազմակերպությունների և հայկական համայնքի ներկայացուցիչներ: Գասպարյանն ընդգծեց, որ հուլիսի 28-ի ցերեկը համայնքի ներկայացուցիչները մասնակցել են խաղաղ ցույցի, իսկ երեկոյան՝ համերգի: «Մեր աշխատանքով կարողացանք կորոնավիրուսի տարածման պայմաններում անգամ փրկել փառատոնն ու իրականացնել այն»,- եզրափակեց Անի Գասպարյանը:

Նմանատիպ նյութեր