211652_close_icon
views-count5062 դիտում article-date 15:35 28-07-2020

ԱԱԾ-ն առաջարկում է արգելել առանց թույլտվության անօդաչու թռչող սարք օգտագործել պետական սահմանի սահմանային շերտում

Ազգային անվտանգության ծառայությունը «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է շրջանառության մեջ դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ ԱԱԾ-ն առաջարկում է արգելել առանց համապատասխան թույլտվության պետական սահմանի սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Նշվում է, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին՝ վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս: Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ: ԱԱԾ-ի պնդմամբ՝ «Պետական սահմանի մասին օրենքում լրացում մասին» օրենքի նախագծի ընդունմամբ, կկանոնակարգվի տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում:

Նմանատիպ նյութեր