211652_close_icon
views-count5804 դիտում article-date 16:37 27-07-2020

«Յոթը սարի ետևում …» մրցույթ փառատոնը միտված է մշակութային ժառանգության պահպանությանը

«Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ը և «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ-ն նախաձեռնել են «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը: Նախագիծը միտված է համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանությանն ու հանրայնացմանը: Նպատակն է՝ համայնքի բնակիչների կենսական միջավայր բերել հարազատ բնակավայրի պատմամշակութային ժառանգությունը, համայնքում ստեղծել հայրենաճանաչողության, համայնքի հայտնի ու անհայտ հուշարձանների նկատմամբ հետաքրքրություն ու հոգատար վերաբերմունք: Մրցույթ-փառատոնը հետախույզ-արշավորդ դառնալու և գիտահանրամատչելի ուսումնասիրություններ իրականացնելու լավագույն հնարավորություն է հայրենի բնակավայրը բացահայտել ցանկացողի համար: Մեր երկրի բոլոր համայնքներում կան քիչ թե շատ մոռացված հուշարձաններ, խոնարհված եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, բերդեր և այլն: Փառատոնի մասնակիցները բանահավաք աշխատանքի միջոցով կարող են պարփակել հուշարձանի, հայկական բնաշխարհի, տիեզերքի, բույսերի ու մարդկանց, նրանց կենցաղի մասին ավագ սերնդի մարդկանց ներկայացրած ավանդազրույցները, պատմությունները: Ուսումնասիրությունը նաև պահպանության միջոց է, իսկ պահպանությունը ենթադրում է նաև ֆիզիկական ոչնչացման դեմ ուղղված քայլեր։ Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել՝ 13 տարին լրացած և չափահաս ՀՀ քաղաքացիները, անհատապես կամ խմբով: Մրցույթ-փառատոնի կանոնակարգին ծանոթանալու, հայտադիմումը լրացնելու համար պետք է այցելել Toumanian.am կայք (https://bit.ly/304ewvK) Լրացուցիչ հարցերի համար՝ Առաջնային կապի միջոց՝ [email protected] Պաշտոնական ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/YoteSariEtevum/ Հեռ. (+374 010) 560021 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

Նմանատիպ նյութեր