211652_close_icon
views-count2675 դիտում article-date 13:45 27-07-2020

Շուրջ 800,000 դոլար. «Հայաստան» հիմնադրամն ամփոփում է առցանց դրամահավաք-արշավի արդյունքները

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին, ս.թ. մարտի 18-ից նախաձեռնեց «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավը, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված էր առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը եւ տրամադրմանը, ինչպես նաեւ հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրվել է շուրջ 800,030 ԱՄՆ դոլար, որից 695,244 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երեւանի եւ մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաեւ բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։ Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ մեծաքանակ բժշկական պարագաներ եւ սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի եւ Արցախի առողջապահական ոլորտին։ Մնացյալ գումարը եւս կուղղվի առողջապահական ոլորտի ծրագրերի օժանդակմանը: Հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում աշխարհի 18 երկրներից մեզ միացած ավելի քան 1000 անհատ նվիրատուներին, աշխարհասփյուռ հայկական համայնքներին, կազմակերպություններին, Հիմնադրամի ողջ ցանցին եւ բոլոր գործընկերներին վստահության եւ շարունակական աջակցության համար։ Ֆինանսական հաշվետությունը կցված է:

Նմանատիպ նյութեր