211652_close_icon
views-count4376 դիտում article-date 14:14 26-07-2020

Մուշեղ Սահակյանը պատմում է` ինչ իրավիճակ է Մոսկվայում. «Առավոտ»

«Կան ինչ-որ խմբեր, որոնք կազմակերպում են այդ սադրանքները, մենք գիտենք՝ ովքեր են նրանց հետեւում կանգնած: Այդ խմբերը հատուկ ուղղորդվում են հայկական օբյեկտներ, խանութներ ու կազմակերպում են սադրանքներ, նույնիսկ մարդկանց են վնասում»,- անդրադառնալով Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բռնության դեպքերին, [url=https://www.aravot.am/2020/07/26/1125867/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ասաց Մոսկվայում բնակվող Մուշեղ Սահակյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Մոսկվայի տարբեր հատվածներում ադրբեջանցիները խմբերով հարձակվում էին հայերի վրա եւ ծեծի ենթարկում, ջարդուփշուր անում մեքենաները: Մուշեղ Սահակյանը, որը «Ռուսաստանի հայերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահն է, ասաց, որ նախօրեին հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ հանդիպել են Ռուսաստանի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ. «Մեզ բացատրեցին, որ դուք ապրում եք բազմազգ երկրում եւ իրավունք չունեք նման բաներ անել: Ասացին, որ իրենք գիտեն՝ ով է ագրեսորը, ով է պաշտպանվում: Ասացին՝ Ռուսաստանը իրավական երկիր է եւ որեւէ մեկը թույլ չի տա նվաստացնել ինչ-որ ազգի ներկայացուցիչներին եւ խնդիրներ ստեղծել որեւէ մեկի համար: Այդ ամենը մեզ բացատրեցին եւ մենք հասկացանք, որ այս ամենը պիտի փոխանցենք մեր հայրենակիցներին: Հանդիպումներ կազմակերպեցինք, փորձեցինք բացատրել՝ ինչպես պետք է մեզ պահենք, ինչ պետք է անենք, որպեսզի սադրանքների չտրվենք, ասացինք, որ պետք չէ որեւէ տեղ հավաքվել: Նույնն արեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, որը կոչով հանդես եկավ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, թեմի առաջնորդը եւ մնացած գործիչները»: Մեր զրուցակցի խոսքով, այդ խմբերի մասին գիտեն ՌԴ իրավապահներն ու այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում, որպեսզի բոլորին ձերբակալեն. «Նախորդ գիշեր եղել են մեծ թվով ադրբեջանցիների ձերբակալություններ: Սոցցանցերում կան տեսանյութեր՝ ինչպես է ՕՄՈՆԸ մտնում տներ ու տանում ադրբեջանցիներին»: Նա ասաց, որ մի քանի հայեր նույնպես կանչվել են հարցաքննության: Պարոն Սահակյանի խոսքով, այս պահին Ռուսաստանում հայկական համայնքը մի մարդու պես համախմբված է եւ հասարակական դաշտում գործում է ինչպես մի օրգանիզմ: Մեր հարցին՝ հայերը կարողանո՞ւմ են ազատ դուրս գալ, շրջել, Մուշեղ Սահակյանն ասաց, որ այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է. «Մարդիկ հանգիստ կարողանում են դուրս գալ: Ես՝ ինքս, դուրս եմ գալիս փողոց, շապիկով, որի վրա հայերեն տառերով ինչ-որ բան է գրված եւ ինչ-որ մեկը ինձ չի մոտենում ու ոչինչ չի ասում: Կարծում եմ, ՌԴ իրավապահների գործողություններից հետո ադրբեջանցիների վերջին ցույցերն էին, որովհետեւ հասկացել են, որ չեն կարողանա անել այն, ինչ մտադրվել էին»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նորություն կա «Ֆուդ Սիթի» եւ «Տվոյ դոմ» առեւտրի կենտրոններից, որոնց սեփականատերերն արգելել էին հայկական արտադրանքի վաճառքն իրենց տարածքում: Մուշեղ Սահակյանն ասաց, որ թեեւ խնդիրը ընդհանուր առմամբ լուծված չէ, բայց «Ֆուդ Սիթի»-ում այս պահին հայերը նորմալ, ազատ աշխատում են եւ խնդիրներ չունեն. «Ճիշտ է, նոր ֆուռերը չեն գնում այլեւս, բեռնատարները միանգամից գնում են «Բուխտա» կամ «Շյոլկովի պուծ», բայց եղածները աշխատում են եւ խնդիր չունեն»: Ինչ վերաբերում է «Տվոյ դոմ» առեւտրի կենտրոնին, մեր զրուցակիցն ասաց, որ մի գիշերում հանել են հայկական արտադրանքը, ապա, Հայաստանի դեսպանի եւ այլ ազդեցիկ գործիչների տարած աշխատանքների արդյունքում կրկին դրանք շարել ցուցափեղկերին. «Բայց առավոտյան նորից հանել են: Ոչ ոք չի հասկանում՝ ինչ է կատարվում եւ որեւէ մեկն էլ չի բացատրում: Ռուսաստանի առեւտրաարդյունաբերության կառույցների ներկայացուցիչները նրանց հետ զրուցում են, որ չի կարելի հայկական արտադրանքի հետ այդպես վարվել, նրանք ձեւական դնում են եւ կրկին հանում են: Այդ խնդիրը դեռ կա»: Հարցին՝ ադրբեջանցիների այդ գործողություններից որքա՞ն վնաս են կրել մեր տնտեսվարողները, պարոն Սահակյանն ասաց, որ գրեթե ոչ մի վնաս չեն կրել. «Հայաստանը տնտեսապես ոչ մի վնաս չի ստացել, բոլոր խնդիրները լուծվել են հայկական համայնքի ջանքերով: Այսինքն՝ ինչ-որ ուզել են անել ադրբեջանցիներն իրենց այդ քայլերով, արդյունք չի ունեցել: Բայց հայ բիզնեսմենները պետք է հասկանան, որ մեզ պետք է ուրիշ համալիր, որտեղ մենք կկարողանանք բերել մեր արտադրանքը եւ այդտեղից մեծածախ վաճառք կազմակերպենք տարբեր կազմակերպությունների» Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2020/07/26/1125867/]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր