211652_close_icon
views-count7343 դիտում article-date 23:10 21-07-2020

Կիևում Փարաջանովին նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հնագույն Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանում համաշխարհային կինոյի մեծ վարպետ, աշխարհահռչակ բեմադրիչ, նկարիչ, դիզայներ Սերգեյ Փարաջանովի մահվան 30-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է անցկացվել: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը: Հիշատակի հուշ-երեկոն կազմակերպել էր «ԱՕԿՍ-Ուկրաինա» հայկական մշակութային կապերի ընկերությունը՝ «Կիևյան Սոֆիա» ազգային հատուկ պահպանվող տարածքի և Ուկրաինայում ՀՀ դեսպանության աջակցությամբ։ Մեծ վարպետի հիշատակին նվիրված միջոցառումը վարել է «ԱՕԿՍ-Ուկրաինա» ընկերության նախագահ Ելենա Հովհաննիսյանը, որն, ի թիվս այլոց, ներկաներին պատմել է իր կողմից հիմնադրված «Փարաջանով-արտ» ընկերության գործունեության մասին, հռչակավոր արվեստագետի հետ իր հանդիպումների դրվագներից, վերջերս մահացած Փարաջանովի այրի՝ Սվետլանա Շչերբատյուկի հետ իր ընկերության և Կիևում Փարաջանովին նվիրված թանգարանի ստեղծման իր՝ առայժմ չիրականացած ծրագրերի մասին։ Ներկաներին ողջույնի խոսքեր են հղել «Կիևյան Սոֆիայի» գլխավոր տնօրեն Նելյա Կուկովալսկայան և Ուկրաինայում ՀՀ արտակարգ ի լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով նշել է, որ Փարաջանովի արվեստը բացառիկ դեր է ունեցել հայ, ուկրաինացի և վրաց ժողովուրդների մշակութային կյանքում։ Ողջ երեկոյի ընթացքում իրենց հիշողություններն ու մեծ Մաեստրոյից իրենց տպավորություններից են խոսել և կիսվել իր ընկերներն, ուսանողներն ու բարեկամները և պարզապես մարդիկ, ովքեր երջանկություն են ունեցել շփվելու հռչակավոր ռեժիսորի հետ։ Փարաջանովի մասին իրենց հիշողություններով են կիսվել Ուկրաինայի ժողովրդական արտիստ, հանրահայտ կինոռեժիսոր Ռոման Բալայանը, ուկրաինացի ռեժիսյոր և պրոդյուսեր Սերհիյ Պրոսկուրնյան, Ուկրաինայի Կինեմատոգրաֆիստների միության նախկին նախագահ Սերհիյ Տրիմբաչը, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Վիկտոր Սկորոմնին և ուրիշներն, ինչպես նաև հեռակապով Երևանից՝ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Ուկրաինայի Վերխովինա քաղաքից՝ դերասանուհի Օքսանա Սուսյակը, Լեհաստանի Վրոցլավից Ռուբեն Դադայանը և ԱՄՆ-ից Մամուկա Ջանշիևը։ Միջոցառման սրահում ցուցադրվել են քանդակագործ Հրայր Մարտիրոսյանի և ռեստավրատոր-նկարիչ Վաչագան Թորոսյանի աշխատանքները։ Ձեռնարկի ընթացքում երաժշտական ելույթներով հանդես են եկել նաև «Նո-Տա» դաշնամուրային դուետը, երգչուհիներ Լուիզա Ուբերիան և Լուսինե Պրոշչալիկինան։ Սերգեյ Փարաջանովի հիշատակին նվիրված միջոցառման ավարտին ներկաները դիտել են ռեժիսոր Ռոման Բալայանի «Գիշերը Փարաջանովի թանգարանում» ֆիլմը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր