211652_close_icon
views-count3043 դիտում article-date 18:37 20-07-2020

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաները և աշխատակիցները հաղթահարել են կորոնավիրուսի վարակը. ԱՍՀՆ

Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաները և աշխատակիցները հաղթահարել են կորոնավիրուսի վարակը: Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը; Հիշեցնենք, որ 2020 թ.-ի հունիսի 8-ին մանկատանն արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության 13 դեպք՝ 4 աշխատակից և 9 երեխա: Վարակված փոքրիկների և մանկատան աշխատակիցների բուժումն ու խնամքը անմիջապես ստանձնել են «Արաբկիր» բժշկական համալիր–երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկատանը խնամվում են առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներ: Ստեղծված իրավիճակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և «Արաբկիր» բժշկական կենտրոնի մասնագետներին մեծապես աջակցել է «Իզմիրլյան» հիմնադրամը, որն ապահովել է բժիշկներին անհրաժեշտ արտահագուստով, տրամադրել ախտահանիչ և կանխարգելիչ մի շարք միջոցներ: «Մարի Իզմիրլյան մանկատանը COVID 19-ի հետ կապված բժշկական և կանխարգելիչ ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանակում «Իզմիրլյան հիմնադրամը» աջակցություն է ցուցաբերել, ընդհանուր առմամբ, 102 երեխաների և 123 աշխատակցի: Ծրագրի անուղղակի շահառուներն են նաև մանկատան անձնակազմի ընտանիքները: Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Արաբկիր» բժշկական կենտրոնի և «Իզմիրլյան հիմնադրամի» համատեղ ջանքերի արդյունքում մանկատանն այլևս վարակ չկա:

Նմանատիպ նյութեր