211652_close_icon
views-count2582 դիտում article-date 12:58 20-07-2020

Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով վնասվել է մոտ 50 տուն

Տավուշի մարզում հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասվել է 50 շինություն, որոնցից 12-ն արդեն վերականգնվում են։ «[url=https://armenpress.am/arm/news/1022384.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Այս պահի դրությամբ մենք ունենք 50 շինություն, որոնք այս կամ այն չափով վնասվել են, դրանցից 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Գուցե այս ընթացքում լինեն թվային փոփոխություններ, քանի որ պատահում է, երբ հայտնաբերում ենք որևէ տուն, որն, այնուամենայնիվ, վնասներ է կրել»,- նշեց Չոբանյանը և հավելեց, որ գումարային առումով ընդհանուր գնահատական դեռևս չեն կարող տալ և վերջնական ուսումնասիրություններն անցկացնելուց հետո՝ անպայման պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան։ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Նմանատիպ նյութեր