211652_close_icon
views-count1535 դիտում article-date 12:20 19-07-2020

ԵՄ երկրների ղեկավարների 2-օրյա գագաթնաժողովը 1 օրով երկարաձգվեց

Ուրբաթ օրը Բրյուսելում մեկնարկած Եվրամիության անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը մեկ օրով երկարաձգվեց։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30735663.html]«Ազատությունը»[/url]։ Հավաքի մասնակիցները հույս ունեն կիրակիր օրը փոխզիջումների հասնել կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությունները վերականգնելուն ուղղված օգնության փաթեթի շուրջ, ինչը չի հաջողվել անցած երկու օրերի ընթացքում: Տարաձայնությունների պատճառը համաճարակից ամենաշատը տուժած երկրների անվերադարձ ֆինանսական օգնության փաթեթի ծավալներն են։ Բրյուսելը նախատեսում էր 500 միլիարդ եվրո հատկացնել, որին դեմ են, սակայն, Ավստրիան և Նիդերլանդները: Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շարլ Միշելը որպես փոխզիջումային տարբերակ առաջարկել է այդ գումարը կրճատել մինչև 450 միլիարդ, ինչը, սակայն, դաշինքի անդամ պետությունների ղեկավարների կողմից հավանության չի արժանացել: Նիդերլանդների ներկայացուցիչներն առաջարկում են օգնությունը տրամադրել տուժած երկրներում բարեփոխումներ անցկացնելու պայմանով, ինչին դեմ են Իտալիան և Իսպանիան: Հիշեցնենք, որ Եվրոպական միության (ԵՄ) 27 անդամ պետությունների ղեկավարները կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ անցած ամիսներին բացառապես հեռավար կարգով անցկացրած քննարկումներից հետո հուլիսի 17-ին առաջին անգամ հավաքվել էին Բրյուսելում: Եվրամիության լիդերները քննարկում են տնտեսությունը վերականգնելու համար 750 միլիարդ եվրոյի ֆինասական օգնության փաթեթը: Այդ գումարը հավասար է մոտ 855 միլիարդ ամերիկյան դոլարի:

Նմանատիպ նյութեր