211652_close_icon
views-count2632 դիտում article-date 10:41 17-07-2020

«Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին». ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենասը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

ԱՄՆ կոնգրեսական, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թոնի Կարդենասն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին հուլիսի 12-ից Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից: «Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի կողմից վերջերս հայկական սահմանին կատարած ագրեսիայի ֆոնին: Այս անիմաստ բռնությունը սպառնալիքի տակ է դնում անմեղ քաղաքացիական անձանց կյանքը: Պետք է ձեռնարկվեն լարվածությունը կանխող քայլեր` նոր կորուստներից խուսափելու համար»,-հայտարարել է կոնգրեսական Կարդենասը: Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։ Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ: Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Անցած գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-գրել է մամուլի խոսնակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր