211652_close_icon
views-count1564 դիտում article-date 19:56 13-07-2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները: Այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել: Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ օգտագործել են տարբեր տրամաչափի հրետանի։ Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ցավում են մարդկանց մահվան համար և իրենց ցավակցությունն են հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Համանախագահներն ուղիղ կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ միջադեպի հենց սկզբից»,- ասված է հաղորդագրության մեջ: Համանախագահները նշում են, որ կողմերը միմյանց մեղադրել են ռազմական գործողություններ սանձազերծելու մեջ։ «Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում ՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները»,- նշված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր