211652_close_icon
views-count5342 դիտում article-date 13:17 13-07-2020

Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը զարդարեցին Ազնավուրի հրապարակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, բացվեցին արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի աստղերը։ Աստղերի բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 12-ի երեկոյան՝ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ: «Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև մեր մեծերը, որոնք հեռացան մեզնից, սպասում են մեր վերաբերմունքին։ Ժամանակին «Ոսկե ծիրանը» բացեց այս աստղերի ճեմուղին՝ մշտապես հիշելու անարդար կերպով մոռացված հայ կինեմատոգրաֆիստներին։ Մենք սիրում ենք նրանց, դիտել ենք նրանց ֆիլմերը, տեսել, թե ինչ դժվար պայմաններում են ստեղծում կինո։ Մենք նրանց շարունակողն ենք»,-աստղերի բացման արարողությանը նշեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը՝ կարևորելով երկու գործիչների անցած ուղին և հույս հայտնելով, որ ոչ ոք չի մոռանա նրանց ու նրանց ավանդը։ ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն արարողության ընթացքում ընդգծեց, որ «Ոսկե ծիրան»-ի նման բացումն աննախադեպ է՝ պայմանավորված վիրուսային վիճակով։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին, որովհետև նրանք այս քայլով ապացուցում են, որ ավելի լավ է անել որևէ բան, քան չանել ոչինչ։ Շնորհակալ եմ նրանց կամքի համար, որ թույլ չտվեցին ընդհատվի կարևորագույն մշակութային իրադարձության պատմությունը, ավանդույթը թեկուզ և մեկ տարով»,-ասաց նա՝ իր խոսքում անդրադարձ կատարելով նաև երկու մեծերի՝ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի ավանդին հայ կինոյում։ Արարողությանը ելույթ ունեցան Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի ընտանիքի անդամները՝ իրենց շնորհակալությունը հայտնելով փառատոնին՝ նման նախաձեռնության և գործիչների հիշատակը վառ պահելու համար։ Հիշեցնենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, հուլիսյան ծիրանային օրեր ու անակնկալներ կլինեն: Վաղուց արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց, մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր