2139 դիտում
09:33 13-07-2020
ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից Տավուշում իրականացվող գնդակոծությունը և հրավիրում է մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների ուշադրությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնատիպ ահազանգեր է ստացել նաև հուլիսի 12-ին՝ ցերեկային ժամերին:
«Ըստ Մովսես գյուղի բնակիչների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերի՝ ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ: Խաղաղ բնակչության գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու վտանգը:
Նշված ահազանգերից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակային պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական կողմն իրականացնում է Հայաստանի զինված ուժերի դիրքերի հրետակոծում:
Դրանից բացի, Հայաստանի պաշտպանության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հրատապ հարցմամբ հաստատել է, որ գնդակոծությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ և առկա է այդ բնակավայրերին վնաս պատճառելու իրական վտանգ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պահպանում է նաև անմիջական կապ Հայաստանի Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։
Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով մարդու իրավունքների ազգային անկախ հաստատություն և առաջնորդվելով բացառապես իրավապաշտպան սկզբունքներով, խստորեն դատապարտում է գնդակոծությունը ու որ այն էլ իրականացվում է Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ, այդ բնակավայրերի բնակիչներին, նրանց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու իրական վտանգով: Այս երևույթն առավել ևս դատապարտելի է նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում:
Մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված փաստերին և տեղեկացնում, որ նախաձեռնել է թիրախային դիտարկում, որի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն ու կուղարկվեն միջազգային կառույցներին»,- ասվում է ՄԻՊ հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
3916 դիտում
02:10 15-10-2020
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը. Արցախի ԱԳՆ
1016 դիտում
20:35 04-10-2022
Կիպրոսը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը Ադրբեջանի զինուժի կողմից
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը