211652_close_icon
views-count2871 դիտում article-date 16:57 11-07-2020

Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս- Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես: Վահան Տերյան Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ նահապետից և մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության: Մենք ճանաչում ենք Հայկական ԽՍՀ բացառիկ դերը Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում: Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության Հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած և Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները: Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին: Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21-րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը: Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է: Հետևաբար՝ Հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան: Ազգային արժեքներ Հայ ժողովրդի ազգային արժեքներն են՝ - Հայոց պետականությունը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը-հայոց բանակը: - Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները: - Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը: - Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը: - Հայրենիքը, ընտանիքը, անհատը: - Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը: - Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային, էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը: - Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ: - Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: Եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիությամբ: - Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր