211652_close_icon
views-count2129 դիտում article-date 19:56 10-07-2020

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2020 թվականի ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված համայնքային ենթակայության 11 մանկապարտեզում։ Տասում շինարարությունն արդեն մեկնարկել է: Ծրագրում ընդգրկված մանկապարտեզները կառուցման օրից երբևէ չեն հիմնանորոգվել: Նորոգման ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Անցյալ տարի մոտ 1.5 մլրդ դրամի ծրագիր էինք նախատեսել, որը մրցութային խնդիրների պատճառով, ցավոք, չիրականացավ: Այդ միջոցները մենք ոչ միայն ուղղակի տեղափոխեցինք այս տարի, այլ գումարեցինք ևս 1 մլրդ դրամ, և այս տարի ընդհանուր առմամբ 2.5 մլրդ դրամի աշխատանք է կատարվելու: Պատրաստվում ենք 23 մանկապարտեզ հիմնանորոգել. 11-ը՝ քաղաքապետարանի, 12-ը՝ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրով»,- ընդգծել է քաղաքապետ Մարությանը: Մանկապարտեզների նախկին վիճակի մասին հուշում են միայն պատերը: Ամեն ինչ քանդվել և զրոյից՝ նորից կառուցվում է: Հիմնանորոգման ծրագրով նախ փոխվում են ջրահեռացման համակարգերը, կառուցվում են ամբողջությամբ նոր ու երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։ Դրանք կկահավորվեն նոր գույքով: Հիմնանորոգման ընթացքում փոխվում են նաև ներքին հաղորդալարերը: Նոր դռներով ու պատուհաններով խմբասենյակներ, միջանցքներ, նոր աստիճանավանդակներ, խոհանոցներն էլ օդափոխության նոր համակարգեր ու նոր գույք կունենան: Վերանորոգվում են նաև տանիքները: Այս տարի առաջին անգամ հիմնանորոգման ծրագրով շենքերը ջերմամեկուսացվում են, ինչն էականորեն կնվազեցնի գազի և հոսանքի ծախսն ու կմեծացնի խնայողությունները։ Բացի այդ, մանկապարտեզներում կտեղադրվեն էներգախնայող՝ լուսադիոդային լուսատուներ։

Նմանատիպ նյութեր