211652_close_icon
views-count2995 դիտում article-date 10:57 10-07-2020

Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. ո՞ւմ ձեռքով է ամեն ինչ կատարվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ գույքահարկի բարձրացման շուրջ հայաստանյան հասարակական-քաղաքական գործիչները ֆլեշմոբ են սկսել և քննադատության են ենթարկում իշխանությանը, տարօրինակ լռություն է պահպանում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ: Ընդհանուր հաշվով ընդհուպ մինչև 8 անգամ բարձրանալու է Հայաստանում բնակարանների և առանձնատների գույքահարկը: Ընդ որում` այդ բարձրացված գումարները ուղղվելու են համայնքային բյուջե: Այսինքն` Երևանի հատկապես Կենտրոնի բնակիչների համար շեշտակի բարձրացված գույքահարկի գումարները մտնելու են Երևանի քաղաքապետարանի բյուջե: Ու քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ հայտնել են, որ այդ գումարը իրենց շատ է անհրաժեշտ: Հետաքրքիր է` ինչ է մտածում այս օրինագծի ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արդյոք այն փոխելու առաջարկությամբ հանդես կգա՝ հաշվի առնելով հատկապես երևանցիների դժգոհությունները: Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել է. «Երևան համայնքին վերաբերող օրինագծերի վերաբերյալ Երևանի քաղաքապետի դիրքորոշումը, այդ թվում՝ առաջարկները և/կամ առարկությունները սովորաբար օրենսդիր մարմին են ներկայացվում օրենքի ընդունման փուլում՝ համաձայն սահմանված ընթացակարգի»: Ստացվում է՝ ընդունված օրենքը նախապես Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցվել է, ու Մարությանը համաձայնել է լրացուցիչ սոցիալական բեռ դնել երևանաբնակների ուսերին: Ուղղակի դա անում է ոչ թե իր դեմքով` երևանցիների դեմ դուրս գալով, այլ իր ենթակաների ու ԱԺ պատգամավորների ձեռամբ»։ Մանրաման կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր