211652_close_icon
views-count4679 դիտում article-date 21:59 09-07-2020

Երևանում կանցկացվի «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը

Դասական երաժշտության սիրահարների համար անակնկալ են պատրաստել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանով‚ և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ տնօրեն Կարեն Ղազարյան` հուլիսի 10-28-ը Երևանում կազմակերպելով «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Փառատոնի մասին այսօր առցանց ասուլիսում մանրամասներ ներկայացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։ Տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամլո խոսնակը։ Աշխարհի տարբեր ծայրերից 19 օր շարունակ դասականի սիրահարները կարող են առցանց վայելել 9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ և 2 անսամբլային համերգ։ Միջազգային փառատոնին ելույթ կունենան հանրահայտ մենակատարներ և դիրիժորներ: Նրանցից են Սերգեյ Դոգադինը, Ֆրանչեսկա Դեգոն, Անդրեյ Բարանովը, Գլորիա Քամփաները և Հայկ Կազազյանը և այլք։ Մաեստրո Սմբատյանը նշեց, որ առցանց համերգները‚ իհարկե‚ չեն կարող փոխարինել հանդիսատեսով լեցուն դահլիճում կայացող համերգներին, սակայն այս պայմաններում իրենց նպատակն է կազմակերպել փառատոն, տոնակատարություն, հնչեցնել երաժշտություն‚ և մարդիկ կարողանան ունկնդրել գեղեցիկ կատարումներ։ COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում այս միջոցառման անցկացումը իրապես մեծ իրադարձություն կլինի մշակութային կյանքի համար, և ոչ միայն Հայաստանում։ Միջոցառման ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային առողջապահական բոլոր սահմանված կանոնները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր