211652_close_icon
views-count1600 դիտում article-date 17:37 09-07-2020

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են կենդանական աշխարհի հաշվառման հետ կապված խնդիրները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանն այսօր հանդիպել է մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու օգոստոսին մեկնարկող 2020թ. որսաշրջանին վերաբերող հարցեր, որոնց համատեքստում կարևորվել է կենդանական աշխարհի հաշվառումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցում էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Բնության համաշխարհային Հիմնադրամի» (WWF), Կենսաբանության և հիդրոլոգիայի ինստիտուտի, բնապահպանական և որսորդական միությունների ներկայացուցիչներ։ Քննարկման օրակարգում էր Հայաստանի կենդանական աշխարհի հաշվառման գործում միասնական ջանքերի ներդրման հայեցակարգը, ըստ որի շահառու կառույցները հանրային մասնակցության սկզբունքով հնարավորություն կստանան մասնակցել տարիներ շարունակ չիրականացված կենդանական աշխարհի հաշվառմանը, ինչը թույլ կտա ապահովել ստացված տեղեկությունների ամբողջականությունը, հավաստիությունն ու բազմակողմանիությունը։ Հանդիպման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով վերհանեցին հաշվառմանը վերաբերող առաջնային խնդիրները, եզրագծեցին առաջնահերթություններն ու համատեղ աշխատանքի ուղղությունները։ Որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին կամավոր սկզբունքով մասնակցել հաշվառման գործընթացին։ Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվեցին մի շարք առաջարկներ, որոնք ի թիվս քննարկված այլ հարցերի կուսումնասիրվեն Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից։

Նմանատիպ նյութեր