211652_close_icon
views-count1552 դիտում article-date 15:12 09-07-2020

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և ՀԲԸՄ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հունիսի 22-ին ստորագրել են համագործակցության հուշագիր՝ «Սիրիահայ փախստականների աջակցություն» ծրագրի առողջապահական բաղադրիչի համատեղ իրականացման նպատակով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Նպատակն է մարդասիրական աջակցություն տրամադրել առավել խոցելի սիրիահայերին, մասնավորապես՝ ֆինանսապես աջակցել անհետաձգելի թանկարժեք առողջապահական ծառայությունների կարիք ունեցող ընտանիքներին։ Հուշագրի շրջանակներում ՀԿԽԸ-ն 25 500 ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի նշված առողջապահական ծառայությունները կազմակերպելու համար, իսկ ՀԲԸՄ-ն կապահովի շահառուների առաջին բուժօգնության տրամադրումը և հետագա բժշկական կարիքների գնահատումը ՀԲԸՄ-Քլոտեա Նազարեան բժշկական կենտրոնում։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սիրիահայերի մարդասիրական կարիքներին արձագանքել է նրանց ժամանման առաջին իսկ օրվանից՝ 2012 թվականից։ Այդ աջակցությունը եղել է բազմաբնույթ՝ իրավական խորհրդատվությունից և մարդասիրական օգնության տրամադրումից մինչև սեփական բիզնես հիմնելու հնարավորության ստեղծում և զարգացում։ Ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ կարող ենք սիրիահայերին աջակցել նաև առողջապահական ծառայություններ ստանալու ոլորտում, քանի որ դրա կարիքը շատ մեծ է, - ասաց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ Սիրիական ճգանաժամի առաջին իսկ օրվանից ՀԲԸՄ-ն սիրիահայերի աջակցությանն ուղղված մարդասիրական, սոցիալական, կրթական ու առողջապահական լայնածավալ ծրագրեր է իրագործել հենց Սիրիայում, այլ երկրներում, ինչպես նաև՝ Հայաստանում: Սիրիահայ հարյուրավոր երիտասարդներ, ովքեր իրենց բարձրագույն կրթությունն ստանում են Հայաստանում, անցնող տարիներին օտվել են ուսումնական վարձավճարների փոխհատուցման մեր ծրագրից: Սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվում է սոցիալական ու առողջապահական տարաբնույթ օգնություններ: Հազարավոր սիրիահայեր օգտվում են ՀԲԸՄ Քլոտեա Նազարեան բժշկական կենտրոնի ծառայություններից, իսկ վիրահատական անհետաձգելի միջամտությունների, ծանր հիվանդությունների բուժման պարագայում՝ մասնակիորեն փոխհատուցվում են ծախսերը: Ծրագրերի իրականացման գործընթացում մենք չափազանց կարևորում ենք համագործակցության ընդլայնումը միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ, որոնց հետ համատեղ աշխատելու մեր փորձն արդյունավետորեն ծառայում է ճգնաժամային իրավիճակում հայտնված մարդկանց կարիքների բավարարմանը: Այս տեսակետից մեծապես կարևորում եմ այս համագործակցությունը ՀԿԽԸ-ի հետ, - ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանը: «Սիրիահայ փախստականների աջակցություն» ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2019 թվականի նոյեմբերի 1-ից, շարունակվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նպատակն է բարելավել Հայաստանում սիրիացի փախստականների բարեկեցությունը՝ ապահովելով մարդասիրական աջակցություն և կրթության հասանելիություն՝ առավել խոցելի ընտանիքներին։ Ծրագրի շրջանակներում. 60 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 4 անգամ կստանան սննդի փաթեթներ, 170 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 2 անգամ կստանան հագուստի ձեռքբերման վաուչեր, 30 առավել խոցելի ընտանիքների՝ անհետաձգելի առողջապահական ծառայության կարիք ունեցող անդամներին կտրամադրվի անհրաժեշտ գումար, առավել խոցելի ընտանիքների 40 ուսանողների կտրամադրվի ուսման վճարի մասնակի փոխհատուցում։ Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 100 000 դոլար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր