211652_close_icon
views-count13064 դիտում article-date 12:43 08-07-2020

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը

Յոթանասունինը տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Նա կյանքից հեռացել է հուլիսի 8-ին: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/1020951.html]Արմենպրես[/url]»-ին հայտնեց Վլադիմիր Աբրահամյանի որդու կինը՝ Նարա Եփրեմյանը: Նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 9-ին, իսկ վերջին հրաժեշտը՝ հուլիսի 10-ին: Տեղի և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Վլադիմիր Աբրահամյանը ծնվել է Կոտայքի մարզի Բջնի գյուղում 1941 թվականին: 1966-ին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1973-1976 թվականներին աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` որպես դասախոս, իսկ 1980-1991 թվականներին՝ Հեռուստառադիոպետկոմի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում` որպես բեմադրող նկարիչ: Եղել է գեղարվեստական խմբագիր ՆԳ «02» շաբաթաթերթում, «Արևիկ» հրատարակչությունում: Դասախոսել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 2015 թվականից դասավանդում էր Աբովյան քաղաքի պետական քոլեջում: 1975-ից Հայաստանի նկարիչների միության անդամ էր: 1972 թվականից մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների: 2005 թվականին պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով, 2009-ին՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով, 2011 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրի, իսկ 2013-ին՝ ՀՀ վաստակավոր նկարչի կոչման: 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության մասնակի ֆինանսավորմամբ տպագրվել է Վլադիմիր Աբրահամյանի «Հուշապատում» պատկերագիրքը, որում տեղ են գտել նկարչի տարբեր տարիներին վրձնած գործեր։ «Հուշապատումը» հեղինակի ստեղծագործությունների առաջին ընդգրկուն պատկերագիրքն է՝ նվիրված 1949 թվականին բռնադատված և 1991թ. արդարացված հոր՝ Սմբատ Աբրահամյանի և 6 երեխաներին միայնակ մեծացրած մոր՝ Սիրանույշ Աբրահամյանի հիշատակին։ Վլադիմիր Աբրահամյանը ամուսնացած էր, ունի 3 որդի, երկու թոռնիկ: Արվեստագետի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ թանգարաններում, տարբեր երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան) քաղաքացիների անհատական հավաքածուներում: Վլադիմիր Աբրահամյանը շուրջ 250 գեղարվեստական գրքերի ձևավորման հեղինակ է։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Վ. Աբրահամյանի ընտանիքին և ընկերներին։ [b]Հոգեհանգիստը հուլիսի 9-ին, ժամը` 16:00-20:00, «Ադանա» սգո սրահում /Բագրևանդ 17, 6/2/ Վերջին հրաժեշտը հուլիսի 10-ին, ժամը` 14:00-ին` նույն հասցեից:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր