211652_close_icon
views-count3267 դիտում article-date 13:12 07-07-2020

Թեստավորման քանակը ՀՀ-ում շուտով կհասնի օրական 3 հազարի

Հայաստանում ամենաշատը 3 շաբաթում կորոնավիրուսի ախտորոշման համար թեստավորումների քանակն օրական կհասցվի 3 000-ի, դրան զուգահեռ աշխատող մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած, հնարավոր է, որ արվի օրական 4 000 թեստ: «[url=https://armenpress.am/arm/news/1020822.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մենք արդեն «հեշտությամբ» իրականացնում ենք օրական 2 500 թեստ, ինչը մոտ ապագայում, իհարկե, կմեծանա: Եվ մենք կանխատեսում ենք, որ 1-2, առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում, հզորությունների մեծացմանը զուգընթաց, միայն մեր լաբորատորիաներում, այսինքն՝ պետական պատվերի շրջանակում իրականացվող թեստավորումների քանակը հասցնել մոտ 3 000-ի: Դրան զուգահեռ աշխատող մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած, հնարավոր է, որ ունենանք օրական 4000 թեստ»,-ասաց Թորոսյանը: Նախարարը հիշեցրեց. թեստավորումը, սակայն, ընդամենը միջոց է՝ հայտնաբերելու քաղաքացիներին՝ երկու նպատակով. թեթև ձևերը և նրանց կոնտակտավորներին մեկուսացնելու և բուժելու համար: «Բուժական առումով կարող եմ վստահեցնել, որ որևէ մեկը դուրս չի մնում: Ցուցում, բուժման կարիք ունեցող բոլոր քաղաքացիները թեստավորվում են: Ավելի շատ ասիմպտոմ դեպքերը հայտնաբերելու բաց ունենք, որը, մեր ծավալների մեծացմանը զուգընթաց, կլրացվի»,-ասաց Թորոսյանը: Հայաստանում 1 տարի առաջ նույնիսկ 1 ամսում 2 000 ՊՇՌ հետազոտություն չի արվել: Անդրադառնալով դժվարություններին՝ նախարարը նշեց, որ դրանք տարատեսակ են՝ սկսած մարդկային ռեսուրսներից: ՊՇՌ թեստավորումը բարդ գործընթաց է, գիտություն է, ոչ թե պարզապես մեխանիկական գործողությունների հաջորդականություն և պահանջում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ, այս պահին պապարզապես ազատ մասնագետներ չկան: Պետությունը շատերին պատրաստում է, այսպես ասած, զրոյից: «Օրինակ՝ կենսաբաններին, միկրոբիոլոգներին, միկրոկենսաբաններին ենք կրթում, տարբեր մասնագետների վերապատրաստում որպես ՊՇՌ անող մասնագետներ: Հենց հիմա ինտենսիվ ընթանում են վերապատրաստումները»,- ասաց նախարարն ու հավելեց, որ ընթանում են նաև գնման գործընթացներ, օրինակ՝ նոր ՊՇՌ սարքերի, լամինար պահարանների: Ավելանալու են նաև 4 նոր կետեր՝ Իջևանում, Մարտունիում, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և «Արաբակիր» ԲԿ-ում, այսինքն՝ բացվելու է 4 նոր լաբորատորիա:

Նմանատիպ նյութեր