211652_close_icon
views-count2533 դիտում article-date 10:25 07-07-2020

Դատարաններն անկախ կլինեն այն ժամանակ, երբ գործադիրը դրանց որոշումները չքննարկի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մոտ երկու շաբաթ առաջ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարծիք էր հայտնել, որ ի տարբերություն քննչական մարմինների և դատախազության, դատական համակարգում թեև, հնարավոր է, կան կաշառակերներ կամ ներկա-նախկին իշխանությունների պատվերները կատարողներ, բայց անգրագետներ չկան: Դատողությունը, պետք է ընդունել, վիճելի է. զուտ տեսականորեն քիչ հավանական է, որ բոլոր գրագետները հավաքվել են դատական համակարգում, իսկ բոլոր անգրագետները սփռվել են քննչական և դատախազական համակարգով մեկ: Բայց հետաքրքիրը ոչ միայն ԲԴԽ նախագահի բուն հայտարարությունն էր, այլ նաև դրա արձագանքը: Որ անգրագիտության մեջ «կասկածվող» քննիչներն ու դատախազները պետք է ընդվզեին, դա բնական է: Բայց արձագանքել են նաև իշխանության ներկայացուցիչներն ու երկրպագուները: Այդ արձագանքներից կարելի էր հասկանալ, որ իրենք դեմ չէին լինի ՍԴ անհաճո դատավորների հետ միասին դնել Վարդազարյանի հարցը: (Ըստ նույն տրամաբանության՝ պետք է հանրաքվեով կամ ԱԺ պատգամավորների 89 անսասան ձայնով լուծել նաև Ամենայն հայոց կաթողիկոսի և Մարդու իրավունքների պաշտպանի հարցերը): Եթե գործադիր իշխանությունը որևէ ձևով արձագանքում է դատական համակարգի որոշումներին կամ հայտարարություններին, դա նշանակում է, որ մեր դատարանների անկախությունն ապահովված չէ: Հիշեցնենք, թե ինչպիսի գնահատականներ են տրվել ամենաբարձր մակարդակով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրած դատավորների նկատմամբ, ինչպիսի հոգեբանական և «կազմակերպչական» ճնշումների են ենթարկվել այդ դատավորները: Դա չի կարող «կողմնորոշիչ դեր» չխաղալ մնացած դատավորների համար: Իմ կարծիքով՝ դատարաններն անկախ կլինեն այն ժամանակ, երբ գործադիր իշխանությունը դրանց որոշումները որևէ ձևով չքննարկի: Դուք կհարցնեք՝ բա առաջ ինչպե՞ս էր: Պատասխանեմ. առաջ շատ վատ էր՝ դատավորները մեծ մասամբ գործադիր իշխանությունների գրպանում էին: Իսկ դրանից շատ առաջ ավելի վատ էր՝ դատարանների փոխարեն «տրոյկաներն» էին դատավճիռներ կայացնում: Բայց, կարծես թե, պարզ է, որ մենք չպիտի ընդօրինակենք անցյալի տխուր փորձը: Ընդհանրապես, ես մտքումս այսպիսի մի բանաձև եմ մշակել. դատարաններն անկախ են այն դեպքում, երբ դրանց որոշումներից դժգոհներն, այնուամենայնիվ, վստահ են այդ որոշումների որակի վերաբերյալ: Ենթադրենք, մեր հասարակության մեծամասնությունն ուզում է, որ այս կամ այն մարդն ազատազրկվի: Եթե դատարանն ամեն ինչ անում է, որ դա տեղի ունենա, դա դեռևս չի նշանակում, որ դատարանը վստահելի է: Այ, երբ անկախ այն բանից, թե ինչ կորոշի դատարանը, մեծամասնությունը, գուցեև դժգոհ լինելով, կասի՝ «ինչ արած, օրենքը դա էր պահանջում», ահա այդ դեպքում է, որ մենք կկարողանանք արձանագրել, որ ունենք կայացած դատական համակարգ: ․․․Իսրայելում դատվել են մի քանի նախկին և ներկա նախագահներ, և հասարակության մեծամասնության վերաբերմունքն այդ դատավարությունների նկատմամբ հենց այնպիսին էր, ինչպիսին պետք է լինի կայացած պետություններում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր