211652_close_icon
views-count4533 դիտում article-date 19:22 06-07-2020

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ զինված ուժերի վերաբերյալ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենքով իրեն վերապահված գործողությունների ու լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումներն, ինչպես նաև հակազդել համացանցի տարբեր հարթակներում ադրբեջանցի օգտատերերի կողմից շարունակական բնույթ կրող հակահայկական և ՀՀ զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված ակցիա¬ներին: Հիշյալ ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տվյալներից դիտվում է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների «արհեստավարժ հետախույզները», հավատարիմ մնալով իրենց բնորոշ պարզունակ գործելաոճին և օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, շարունակում են համացանցի սոցցանցերում գրանցել արտ-երկրում բնակվող հայերի անուններով կեղծ էջեր և ներկայանալով որպես գործարար- բարերարներ, կամ ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայողներ, ծանոթություններ են հաստատում հայ զինծառայող օգտատերերի, կամ նրանց հարազատների հետ ու շփումների ընթացքում փորձում են կորզել ռազմական բնույթի տեղեկություններ: Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների գործողություններն այնքան նույնաբովանդակ և պարզունակ են, որ ՀՀ ԶՈւ զինծառայող-օգտատերերը գրեթե առաջին իսկ արտահայտությունից հասկանում են, որ գործ ունեն ադրբեջանական «հզոր հետախույզի» հետ և դադարեցնում են նրանց հետ շփումներն ու անմիջապես իրազեկում համապատասխան մարմիններին: Չնայած նշված հանգամանքին՝ այնուամենայնիվ, ՀՀ ԶՈՒ-ում դեռևս կան առանձին զինծառայողներ, այդ թվում հրամանատարական կազմի շրջանում, ովքեր միամտորեն կարծելով, որ հաղորդակցվում են իրենց նախկին ծառայակիցների կամ ենթակաների հետ, նամակարգրությունների ընթացքում քննարկում են զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերը, «Facebook» սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայի հետ և փորձել է նրանից կորզել տեղեկություններ ՀՀ ԶՈւ վերաբերյալ: Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից և չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց և զինծառայողներին, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել Ազգային անվտանգության ծառայություն:

Նմանատիպ նյութեր