211652_close_icon
views-count5206 դիտում article-date 12:11 04-07-2020

Հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից․ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար

Շուտով կլրանա մեկ տարին, ինչ անշարժ գույքի հարկի վերաբերյալ քննարկումներում բերում եմ իմ անձնական օրինակը, որ մոտ 8 անգամ ավելի բարձր շուկայական արժեք ունեցող իմ բնակարանի համար ես վճարում եմ շատ ավելի քիչ հարկ, քան իմ ավտոմեքենայի համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Կադաստրի կոմիտեի կայքի (շատ ուշացած) առցանց հաշվիչի միջոցով հաշվարկեցի, որ 2026-ին, երբ այս բարեփոխումն ամբողջությամբ գործի, ես իմ բնակարանի համար դեռ վճարելու եմ իմ ավտոմեքենայի գույքհարակի 60%-ը միայն, այնպես որ, բավական պահպանողական կադաստրային գնահատում է արվել ժամանակին։ Ի դեպ, իմ տան՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը, իմ կարծիքով, գրեթե նույնչափ, այսինքն, 60%-ով ցածր է ներկայիս շուկայական արժեքից։ Միեւնույն ժամանակ, անշարժ գույքի հարկի վերաբերյալ առկա քննարկումներում ի թիվս նախորդիվ հնչեցրած իմ առաջարկությունների՝ չհարկվող շեմը 10 մլն դրամ դարձնելու եւ որոշակի դեպքերում անշարժ գույքի հարկը առանց տույժերի գույքին ամրացնելու հնարավորության մասին, ցանկանում եմ եւս երկու միտք դնել շրջանառության մեջ։ Առաջարկում եմ՝ ժառանգության պահպանության խթանման նպատակով, հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից։ Կամ եթե սա շատ ուղղափառ համարվի, համայնքները կոնկրետ գույքերի կարող են ազատել հարկերից գոնե հուշարձանի վերականգնման համար կատարված ներդրումների չափով ։ Սրանով մենք կարող ենք լուծել կամ մեղմել Երեւանի կենտրոնում ապրող, պայմանական ասված՝ միայնակ թոշակառուի կամ վերջին շրջանում "բնիկ" կոչված սեգմենտի խնդիրը։ Ի դեպ, երեկ մեկ անգամ եւս ստուգեցի ու պարզեցի, որ 45 տարվա վաղմություն ունեցող շենքերի դեպքում գրեթե 25%-ով նվազեցվող գործակից արդեն կիրառվել է կադաստրային գնահատման պրոցեսում (եւ իմ բնակարանը, կարծում եմ, դրա «շահառուներից» է) Երկրորդ առաջարկը, որի միտքը տվել է իմ ընկերը, եւ իր համաձայնության դեպքում կավելացնեմ նրա անունը, վերաբերում է էներգախնայողությանը։ Սրանով առաջարկում ենք, անկախ կառուցման թվականից (չնայած կարելի է քննարկել) եւ գործող էներգախնայողության դասակարգման համակարգով, եթե շինությունը բավարարում է ինչ-որ դասի, օրինակ՝ -A-ից սկսած, ապա այն եւս կարող է մասնակի կամ ամբողջությամբ ազատվել անշարժ գույքի հարկի վճարումից։ Ինչպես նախորդը, այս մեկը եւս կարող է իրականացվել նաեւ համայնքային մակարդակով, ուղղակի պետք է գնահատում արվի, թե քանի շենք կարող է հավակնել նման կարգավիճակի։ Սա հատկապես կարող է մի ողջ ինդուստրիա ստեղծել, քանի որ մենք պետք է ունենանք նաեւ նման գնահատումներ իրականացնող փորձագետներ, որակավորել եւ այլն, իսկ մոտ ապագայում անշարժ գույք գնելիս բոլորն ինքնաբերաբար կսկսեն ուշադրություն դարձնել նաեւ դրանց էներգախնայողությանը։ Հուսով եմ, որ առցանց հաշվիչի ներդրմամբ այս կարեւոր բարեփոխումը, որի մեկնարկը, ինչպես արդեն ասել եմ՝ համավարակով պայմանավորված ինքս հիմա չէի տա, հաղորդակցման պատշաճ հարթակ կունենա ու չի մնա անհատ պատգամավորների եւ մասնագետների պատրաստած, երբեմն շփոթեցնող աղյուսակների ու պարզաբանումների հույսին։ Իհարկե, եթե մենք ունենայինք հասցեների նորմալ ռեգիստր, շատ ավելի հեշտ կլիներ գտնել գույքը, բայց դրան կանդրադառնամ մեկ այլ առիթով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր