211652_close_icon
views-count3973 դիտում article-date 13:38 02-07-2020

Ասֆալտի վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով. «Այս լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: Մենք մոնիտորինգ ենք իրականացնում, թե ոքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Սպանդանոցները հայտնել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»: Նախարարը հավելեց, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, ևս 36-ը շուտով կսկսի գործե, բայց պարզվում է, որ կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: «Մեր առաջարկը հետևյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որևէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջվում են ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը: Նա թվարկեց այդ 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում դրանք երեքն են, Գեղարքունիքում 1-ը, Արարատում, Լոռիում և Արագածոտնում՝ 2-ական, Շիրակում՝ 4-ը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ և մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:

Նմանատիպ նյութեր