211652_close_icon
views-count2440 դիտում article-date 19:09 30-06-2020

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը. անդրադարձ է կատարվել համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին

Հունիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը: Միևնույն ժամանակ նախարար Մնացականյանը կարևորեց Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումներից: Միևնույն ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր