211652_close_icon
views-count1748 դիտում article-date 16:53 30-06-2020

Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ճամբարակ համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, աշխատանքային գործունեության ընթացքում դիտավորությամբ չի ձեռնարկել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ ՝ իր կողմից 2008թ. Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված ինքնակամ շինությունը քանդելու ուղղությամբ։ Ավելին, 2019թ. նոյեմբերին՝ ամենամյա արձակուրդի մեկնելուց առաջ, համայնքի ղեկավարը դիմում է ներկայացրել Ճամբարակի համայնքապետարան՝ խնդրելով իր կողմից կառուցված ինքնակամ շինությունը ճանաչել օրինական: Ճամբարակ համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված շինությունը ճանաչվել է համայնքային սեփականություն և օրինական, ինչպես նաև ավագանու՝ 12․12․2019թ․ որոշմամբ՝ վերոնշյալ շինությունը ուղղակի վաճառքով տրամադրվել է համայնքի ղեկավարին: Այնուհետև վերջինիս պարտականությունները կատարող անձի՝ 13․12․2019թ․ որոշմամբ՝ ինքնակամ կառույցը որոշվել է վաճառել համայնքի ղեկավարին։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Նմանատիպ նյութեր