5140 դիտում
14:30 27-06-2020
Ֆեյքերի պապաները պարզապես չեն հասցնում, իրենց խոսքով, բալանս պահել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պատերազմում ինչպես պատերազմում
Կամ՝ բումերանգի թարս սալտոն
Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» իմ սեղանի գրքերից է։
Ես սիրում եմ հաղթել գրագետ, նրբաճաշակ ու էսթետիկորեն բարձրակարգ կռվում։ Ես հարգում եմ իմ ուժեղ ընդդիմախոսներին ու անգամ ` թշնամիներին։ Ես հաճախ ադրենալին եմ ստանում ուժեղ մրցակցից։ Որովհետեւ, թշնամիդ էլ պիտի արժանապատիվ լինի ու տարվելիք կռիվդ էլ «քուչի բեսեդկի բազառ» չպիտի լինի։ Ես անկեղծ հարգել եմ իմ բոլոր ուժեղ հակառակորդներին՝ անկախ նրանից՝ հաղթել, թե պարտվել եմ այդ կռվում։
Ու հաղթելուց հետո միշտ ձեռք եմ մեկնել հակառակորդիս եւ փորձել եմ օգնել բարձրանալ։ Հիմա նայում եմ ՝ սոցիալական ցանցերը եւ իշխանությանը պաշտպանող ֆեյք մանուֆակտուրան ու սփյուռքահայ մեր սակավացող բարեկամներն այլեւս չեն հասցնում հակակշռել իրական մարդկանց, իրենց սոցիալական խնդիրներից դժգոհ մարդկանց պրոտեստին, որոնք շատ հաճախ այլեւս վերածվում են անհագուրդ հայհոյանքի։
Ու ֆեյքերի պապաները պարզապես չեն հասցնում, իրենց խոսքով, բալանս պահել, որովհետեւ ֆեյքերն ու ստեղծված վիրտուալ իրականությունն աշխատում են, եթե ժողովուրդն ու փողոցը քեզ հետ է, ու շեղումն իրական կյանքից ընդամենը մի քանի տոկոս է։
Հիմա, հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց, հանրային տրամադրությունները ռադիկալ այլ են ու իրենց անհնազանդությունն ու ընդվզումը հայտնողները, կրկնում եմ, իրական մարդիկ են, ովքեր հավատացել են հեղափոխությանն ու հիմա իրենց հավատի ջախջախումը ամենածանրն են տանում։ Հանկարծ մտքներով չանցնի, թե ինձ, հենց ինձ, ում իշխանությունը սարքել է անբարո հարձակման թիվ մեկ թիրախներից մեկը, ուրախացնում է, թե ինչպես են հայհոյում վարչապետին, նրա ընտանիքը, իշխանության թոփ դեմքերին։ Ինչպես են մտնում նրանց անձնական, շատ-շատ նեղ անձնական կյանք ու էդ ամենը դարձնում հանրության, շատ լայն հանրության սեփականությունը։
Չէ, չեմ ուրախանում։ Ես տխրում եմ, տխրում եմ, որովհետեւ դուք այսօր հնձում եք այն, ինչ ցանել եք, դուք հիմա ձեր իսկ ցանած քամու փոթորիկն եք հնձում։
Էդ դուք եք ի սկզբանե հատել բարոյականության բոլոր կարմիր գծերը, էդ դուք եք մտել մեր ընտանիքներն ու ցավ պատճառել մեր երեխաներին ու հիմա էլ, էս պահին էլ մեր ընտանիքներից, մեր անձնական տիրույթից դուրս չեք գալիս։ էդ դուք եք ձեր ԱԱԾ-ներով բնակվում մեր անձնական օգտահաշիվների մեջ ու էդ դուք եք կենսագրություն ու բարոյականություն չունեցող ձեր թիմակիցների միջոցով պարբերաբար մեսիջներ ուղարկում բոլոր ձեզ հետ անհամաձայններին, թե ընտանիք կմտնեք։
Դուք արդեն մտել եք, դուք արդեն արել եք ամենաանբարո քայլերը եւ դուք էս ամենի համար շատ շուտով պատասխան եք տալու։
Դուք, բոլորդ, որ կարծում եք, թե մեր բարեկամներին, մեր մերձավորներին ու ընկերներին ժամերով պահելով տարբեր քննչական կաբինետներում կարողանալու եք նրանցից կորզել ձեր ուզած տեքստը։
Չեք կարողանալու ու ոչ միայն այն պատճառով, որ կոնկրետ իմ մերձավորների մեջ տականք ու մանկուրտ չկա եւ ի տարբերություն ձեզ՝ ես բոլոր տականքներին ու մանկուրտներին վաղուց դեզինֆեկցիա եմ արել իմ կյանքից, այլեւ չեք կարողանալու, որովհետեւ ասելու եւ «ծախելու», «գործ տալու» բան չկա։ Պարզապես ՉԿԱ։
Ես, այո տխրում եմ, երբ տեսնում եմ, թե ձեր իսկ բերած անբարո օրակարգը՝ հայհոյանքը, ատելությունն ու թշնամանքը, ընտանիք ու շատ-շատ նեղ անձնական կյանք մտնելը հիմա ոնց է բումերանգի ամենադաժան հարվածքով հարվածում ձեզ։
Ու վաղը շատ ավելի դաժան է հարվածելու, վաղը չէ մյուս օրը՝ դրանից դաժան։ Որովհետեւ մարդիկ, ովքեր պարզապես նորմալ ապրել են ուզում, իսկ այդ մարդիկ մեծամասնություն են, նրանք շատ-շատ են, նրանք զզվել են հարատեւ թշնամիներ ու ազգի դավաճաններ որսալու ձեր ֆոբիաներից։ Զզվել էին վաղուց, պարզապես լռում էին։ Հիմա այլեւս չեն լռում, վաղը՝ առավել եւս չեն լռելու։
Ու քանի ամիս էլ երկարաձգեք արտակարգ դրությունը՝ մարդկանց ընդվզումը ոստիկանական դուբինկայով ճզմելու համար՝ չի օգնելու։ Այլեւս չի օգնելու։ Որովհետեւ ձեզ այլեւս չեն հավատում։
Ձեզ այլեւս չեն վստահում նաեւ ձեր թիմակիցներից շատերը։ Ու դա փաստ է, ինչքան էլ փորձեք ձեր մեռնող ֆեյք ինդուստրիային արհեստական շնչառություն տալ, ու Լոսում ապրող մեր հպարտ մի քանի մորքուրների ու հորքուրների մեսրոպյան ուղղագրությունը բնաբարած տեքստերը՝ «Ահեղ հարված», «Տեսեք թե ո՞նց է ջախջախում», ու նման զվարճալի վերնագրերով շաղ տաք ձեր ֆեյքանոցի պորտալնելում։
Հաստատ չեմ չարախնդում։ Որովհետեւ ես արժանապատիվ կռվի կողմնակից եմ։ Ես սիրում եմ ուժեղ հակառակորդ, ում համար կան բարոյականության չգրված կանոններ, որոնց երբեք եւ ոչ մի պարագայում չի կարելի հատել՝ անգամ ամենամեծ թշնամուդ հետ պատերազմելիս։ Դուք դա անցել եք։ Հիմա դուք քաղում եք ձեր իսկ հատած կարմիր գծերի բումերանգը։ Վաղը ավելի դաժան են լինելու ձեզ հետ ձեզ ամենաառաջին հավատացողներն ու ձեզ համար փողոց փակողները։ Եթե անգամ ես ու իմ նման շատերը լռենք, որովհետեւ ես չեմ սիրում, իմ խաղի կանոնների մեջ չկա ընկածին խփել, նրանք, ձեր հետեւից առաջին գնացողները, չեն լռելու։ Որովհետեւ դուք գողացել եք նրանց հավատը ու երկիրը վերածել եք անհոդաբաշխ լայվերով ու ատելությամբ ճոճվող նավակի։ Վրեժխնդրությունը սարքել եք ընդդիմախոսների հետ հարաբերվելու կերպ ու կարծում եք՝ հաղթել եք։ Չէ, արդեն պարտվել եք։ Որովհետեւ էն պահից, երբ թշնամանքը, ատելությունը, 37 թվի ոգով մատնություններն ու ձեր կարծիքով կոմպրոմատները սարքեցիք քաղաքական օրակարգ՝ դուք պարտվեցիք։
Պատրաստ եմ լինելու պաշտպանել միշտ եւ ցանկացած իրավիճակում նրան, ով կդառնա թշնամանքի, ատելության թիրախ, ում ընտանիք ու անձնական կյանք կխցկվեն։ Անգամ, եթե դա այն մարդը կլինի, ով հետեւողականորեն պատվիրում ու կազմակերպում է իմ դեմ անբարո էս արշավն ու փորձում է տարբեր
ԱԱԾ- ներով քիթը խոթել իմ ընտանիք։
Ու հիմա էլ, իմ այս գրառումից հետո, «սմս» է ուղարկելու ֆեյք ֆաբրիկայի դիրեկտորին ու ֆեյքերի լագերը «քսի» է տալու վրաս։
Որովհետեւ, ի տարբերություն ձեզ, ես մանկուրտ չեմ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
09:23 03-09-2023
Ֆեյքերի և կենդանի ֆեյքերի հիստերիան մի բան կարող է նշանակել՝ վախենում են ու ճիշտ են անում․ Հայկ Մամիջանյան
Այս բաժնից
1999 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
904 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21388 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու