211652_close_icon
views-count2458 դիտում article-date 10:14 27-06-2020

Տրամաբանական կլիներ, որ Հաշվեքննիչ պալատի լիազորություններն ընդլայնվեին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պետական համակարգի արդյունավետ աշխատանքին նպաստող դասական աքսիոմատիկ ձևաչափը իշխանության տարբեր թևերի անկախությունն ու հավասարակշռությունն են: Խորհրդարանական իշխանության մոդելին անցած մեր հանրապետության համար առաջնային նշանակություն ունի օրենսդիր մարմնի լիազորությունների լիարժեք ու անկախ իրականացումը: Առաջնային է նաև իշխանության մյուս ճյուղերին հակակշիռ լինելու վերջինիս կարողությունների ընդլայնումը: Խորհրդարանի սահմանադրական գործառույթներն իրականացնելու համար ստեղծված Հաշվեքննիչ պալատը կարևոր գործիք է այդ գործառույթներն իրականացնելու համար: Ստեղծված լինելով խորհրդարանի կողմից, այն հաշվետու է միայն վերջինիս և իրականացնում է գործադիրի, պետական կառույցների ու հիմնադրամների ծախսերի վերահսկողություն: Չնայած Հաշվեքննիչ պալատը խորհրդարանն է ստեղծել, բայց այն իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն, պետական իշխանության թևերից անկախ՝ առաջնորդվելով Լիմայի հռչակագրով և Ֆինանսական վերահսկման գերագույն ատյանների միջազգային կազմակերպության (INTOSAI) սկզբունքներով: Հաշվեքննման նման արդյունքներ պալատի տարեկան հաղորդման մեջ բազմաթիվ են: Վերջին երկու տարվա ընթացքում Հաշվեքննիչ պալատն իրավապահ մարմիններին է ուղարկել նմանատիպ բովանդակության 33 նյութ, որոնցից 17-ով հարուցվել է 24 քրեական գործ, իսկ մնացածով ուսումնասիրությունները շարունակվում են: 2018 թ.՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի ընդունմամբ, այս կառույցին նախկինում տրված վերահսկողության մանդատը փոխարինվել է արտաքին պետական աուդիտի՝ հաշվեքննության մանդատով: Սակայն այս կարևոր կառույցի գործառույթներն ավարտվում են հաշվեքննության արդյունքները ԱԺ-ին փոխանցելով, այն դեպքում, երբ տրամաբանական կլիներ, որ այդ լիազորություններն ընդլայնվեին և վերջինս հետևողական լիներ հայտնաբերված խախտումների վերացման հարցում, առավել ևս, որ բազմաթիվ են դեպքերը, երբ Հաշվեքննիչ պալատը նույն պետական կառույցում կարճ ժամանակահատված հետո կրկնակի հաշվեքննություն իրականացնելիս կրկին խախտումներ է հայտնաբերում»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր