211652_close_icon
views-count2405 դիտում article-date 10:37 26-06-2020

Մարդիկ կփորձեն իրենց զսպել լրատվամիջոցներում և առավել սանձարձակ կդառնան սոցցանցերում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջին երկու տասնամյակների ընթացքում ժամանակ առ ժամանակ Հայաստանի իշխանությունների մտքով անցնում է, որ լրատվամիջոցներն իրենց չափից դուրս շատ են վիրավորում և զրպարտում, ու դրա համար անհրաժեշտ է սահմանել խիստ պատժամիջոցներ: Այժմ մենք մոտենում ենք նման հերթական շրջափուլին, որն, ի դեպ, լճացման շրջանի հիմնական ցուցիչներից մեկն է: Իհարկե, ինչպես և առաջներում, իշխանավորներն ասում են, որ այդ օրենքի շահառուները միայն իրենք չեն, որ դա վերաբերում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Բայց մենք հո գիտենք, որ նման հայցերով դատարան են դիմում հիմնականում իշխանության ներկայացուցիչները և մեծահարուստները, իսկ մեր դատարաններն այնքան «անկախ» են, որ շատ հավանական է՝ որոշումներ կընդունեն լրատվամիջոցների դեմ՝ նրանցից միլիոնավոր դրամներ առգրավելով: Հիմա արդեն՝ 3 և 6 միլիոն դրամի փոխարեն՝ 5 ու 10 միլիոն, ինչպես առաջարկում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Իշխանավորների և մեծահարուստների «վիրավորվելու ու զրպարտվելու» նախորդ ալիքը 2010-ականների սկզբին էր, երբ այս հանցատեսակները ապաքրեականացվեցին: Այն ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս հարցով դիմել էր Սահմանադրական դատարան և ստացել էր լրատվամիջոցների համար քիչ թե շատ բարենպաստ պատասխան: Նրա և լրագրողական հանրության ջանքերով հաջողվեց հիմնականում կանխել վտանգավոր զարգացումները: Հիմա իրավիճակն այլ է. փոփոխությունները հնարավոր կլինի անցկացնել հասարակական այլ տրամադրությունների, «նախկինների» և նրանց լրատվամիջոցների դեմ պայքարի «սոուսի» տակ: Այսօրվա Հայաստանում ընդդիմադիր լրատվամիջոցները (որոնք, եկեք ընդունենք, ավելի ազատ են գործում) վիրավորում և զրպարտում են իշխանավորներին, իսկ իշխանական ԶԼՄ-ները՝ ընդդիմադիրներին: «Առավոտը» ոչ մեկին չի վիրավորում և չի զրպարտում, բայց դա չի նշանակում, որ մեզ դատի չեն տալիս և չեն տալու: Պատճառները երկուսն են: Առաջինն այն է, որ մենք վերարտադրում ենք այս կամ այն ճամբարի ներկայացուցչի խոսքերը, որոնք կարող են հակառակ ճամբարի ներկայացուցչին վիրավորական կամ զրպարտչական թվալ: Երկրորդն այն է, որ, մասնավորապես, վիրավորանքի սահմանները խիստ առաձգական են: Օրինակ, արդյոք նախկին իշխանությունների հասցեին «թալանչի» կամ ներկաների հանդեպ «ապաշնորհ» բառերը վիրավորակա՞ն են, թե՞ դրանք գնահատականներ են, որոնք միանգամայն ընդունելի են քաղաքական պրակտիկայում: Եվ վերջապես, արդյոք ֆեյսբուքյան գրառումները հավասարեցվո՞ւմ են լրատվամիջոցների հրապարակումներին: Եթե՝ ոչ, ապա մարդիկ կփորձեն իրենց զսպել լրատվամիջոցներում և առավել սանձարձակ կդառնան սոցցանցերում: ․․․Գիտեմ, որ օրենքը հետադարձ ուժ չունի, բայց եկեք մի ֆանտաստիկ ենթադրություն անենք. եթե ես դատի տայի բոլոր նրանց, ովքեր վերջին 30 տարում ինձ վիրավորել են, և շահեի այդ դատերը, ես, առաջարկվող օրենքով, մի քանի հարյուր միլիոն դրամ կունենայի իմ հաշվին: Բայց ես ոչ միայն դատի չեմ տալիս, այլև, ըստ էության, չեմ էլ վիրավորվում, և իմ հասցեին «վատ բառեր» գրողներին ի սրտե առողջություն, երջանկություն և հաջողություն եմ ցանկանում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր