211652_close_icon
views-count2713 դիտում article-date 09:01 26-06-2020

Նախարարությունն անզո՞ր է «ամենակարող թրթուրների» դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանն ահազանգում է՝ Արա լեռան անտառը շտապ բուժման կարիք ունի թրթուրներից: Նախկին պատգամավորի ահազանգին անդրադարձել էր նաև «Ժողովուրդ» օրաթերթը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը լռում է: Պարզվում է՝ նախարարությունը զբաղված է օդային տրանսպորտ հայթայթելով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ նախկինում Պաշտպանության նախարարությունն ուղղաթիռ է տրամադրել, որով հնարավոր է եղել դեղորայք շաղ տալ այն բոլոր հատվածների վրա, որտեղ թրթուրներ են եղել: «Բայց երկու տարի առաջ այդ ուղղաթիռը խոտանեցին: Այն օգտագործվում էր նման ծայրահեղ դեպքերում՝ հրդեհաշիջման աշխատանքների կամ տեղանքն ուսումնասիրելու համար: Այն, որքանով հասկանում եմ, ԱԻՆ-ի, մեր և մնացած բոլոր գերատեսչությունների համար էր, որոնք կարող է ինչ-որ կարիքներ ունենային օդային տրանսպորտի հետ կապված: Հիմա այդ ուղղաթիռը չկա, և մենք չունենք մեր անձնական օդային փոխադրամիջոցը, որի միջոցով կկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել»,- տեղեկացրեց մամուլի քարտուղարը: Հարցին՝ հնարավոր է այս հարցով դիմենք հարևան երկրներին, մամուլի քարտուղարն արձագանքեց. «Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը, փոխնախարար Վարդան Մելիքյանը Վրաստանի հետ կապի մեջ են, նաև Իրանի հետ են շփվում, որպեսզի կարողանանք հասկանալ՝ արդյոք այնտեղից օդային փոխադրամիջոց կարող ենք ներգրավել այստեղ, թե ոչ: Իհարկե, տեղի մասնավոր ընկերությունների հետ էլ ենք շփվում, որոնք ունեն օդային միջոցներ, բայց ամեն բան ծախսի հետ է կապված՝ օդաչուներ, վառելիք…»: Այսպիսով, պատկան մարմիններն անզոր են ամենակարող թրթուրների դեմ: Ու եթե հիմա լուծում չգտնվի, նման խնդիր առաջ մենք կարող ենք կանգնել նաև հաջորդ գարնանը: «Ժողովուրդ» օրաթերթը Դավիթ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք չեն ուշացել. «Այդ շրջանը կարճ է տևում՝ 15 օր, վատագույն դեպքում՝ մեկ ամիս, մինչև նախապես ծրագրում ես, այդ թրթուրները հասցնում են իրենց գործն անել ու պատյանավորվում են: Ու հենց պատյանավորվեցին, էլ վնաս չեն ներկայացնում, դեղ ցանելն անարդյունավետ է»: Զրույցի ընթացքում պարզվեց, որ այժմ քննարկվում է նաև սեփական օդային փոխադրամիջոց ունենալու հարցը, բայց այդ հեռանկարը դեռ շատ մշուշոտ է: Հ.Գ. Տեղեկացնենք նաև, որ նույն պատկերն է նաև Արցախի Հանրապետությունում. այստեղ թրթուրները ներթափանցել են արդեն մարդկանց տներ, բակային տարածքներ և վնասներ են հասցնում խնձորի այգիներին: Արցախի գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ տեղի իշխանությունը անվճար թունաքիմիկատներ է բաժանում մարդկանց, որպեսզի կարողանան պայքարել թրթուրների դեմ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր