211652_close_icon
views-count5023 դիտում article-date 11:56 25-06-2020

Կառավարությունը գումար հատկացրեց 11 հեռուստաընկերությունների

Կառավարությունն այօրվա նիստում որոշեց 76,5 միլիոն դրամ տրամադրել հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացված հանրային իրազեկման աշխատանքներում աջակություն ցուցաբերելու համար: Ըստ հիմնավորման՝ հեռուստաընկերություններն առանց կառավարության կամ պարետատան պարտադրանքի առողջապահական կանոնների պահպանման և սոցիալ-տնտեսական վիճակի մեղմման վերաբերյալ հոլովակներ են ցուցադրել մեծ ծավալով և կամավոր։ «Հարկ է նաև նշել, որ կորոնավիրուսային հիվանդության հետ կապված տնտեսական դժվարությունները կտրուկ նվազեցրել են հեռարձակողների գովազդային եկամուտները, ինչի պատճառով հեռարձակողները «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից մատուցվող վերգետնյա հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների դիմաց պարտքեր են կուտակել։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 76,5 մլն դրամ` հեռարձակողներին աջակցելու նպատակով»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։ Կառավարությունը ներկայացրել է նաև այն հեռուստա և ռադիոընկերությունների ցանկը, որոնք կստանան այդ օգնությունը և նշել դրանց չափերը։ Ըստ այդմ՝ «Կենտրոն», «Հայկական երկրորդ», «Շանթ», «Արմենիա», «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններից յուրաքանչյուրին կտրամադրվի օգնություն 10 միլիոն դրամի չափով։ «Ար», «Արմնյուզ», «Մո թիվի», «5-րդ ալիք», «Ա-թիվի», «ԴԱՐ 21» հեռուստաընկերություններին տրամադրվելիք օգնությունը կկազմի 2,5 միլիոն դրամ։ 250 - 500 000-ական դրամի չափով էլ օգնություն կստանան ռադիոընկերությունները։

Նմանատիպ նյութեր