1614 դիտում
11:08 25-06-2020
ՀԱԳՄ նախագահության նիստում քննարկվել են Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծում ներառված նոր դրույթները քննարկվել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հունիսի 24-ին կայացած հեռավար ընդլայնված նիստում։ Այս մասին հայտնեցին են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից։
«Ընդգծելով բարեփոխման հրատապությունը՝ նախագահության անդամները ներկայացրեցին նաև իրենց դիտարկումներն ու մոտեցումները։ «Հարկային վարչարարության կատարելագործման հարցն օրախնդիր է։ Առավել ևս համավարակի պարտադրած պայմաններում՝ հարկային ոլորտում չպետք է մնա գործարարությանը խոչընդոտող որևէ խնդիր։ Ցանկացած հարց պետք է դառնա քննարկման առարկա և պատշաճ կերպով լուծում ստանա»,-նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
Միության նախագահը ներկայացրեց ՀԱԳՄ պատվիրակության՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ օրերս ունեցած հանդիպման արդյունքները, որին մասնակցել էին նաև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը։ Արսեն Ղազարյանը կարևորեց հանդիպման ժամանակ ձեռք բերված այն պայմանավորվածությունը, ըստ որի համանման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ՝ ըստ առանձին ոլորտների։ Նա Միության անդամներին կոչ արեց ակտիվ լինել այդ հանդիպումների օրակարգերը ձևավորելիս՝ ներկայացնելով հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Մասնավորապես՝ նախագահության նիստում ձևավորվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ առաջիկայում նախատեսվող հանդիպման օրակարգը։
Գործարաները քննության առան նաև Երևանի «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման շուրջ առկա կացությունը՝ ընդգծելով, որ ստեղծված ներկա իրավիճակում հարկավոր է ամենայնս խրախուսել ցանկացած ներդրումային ծրագիր։ «Հատկապես այս շրջանում ներդրումներ ներգրավելը մնում է տնտեսության վերակառուցման ելակետային քայլը,-շեշտեց Արսեն Ղազարյանը։-Այդ առումով, բնականաբար, չենք կարող անտարբեր մնալ կառուցապատման այս ծրագրի իրականացման որոշ ձգձգումների նկատմամբ»։ Գործարարները, շեշտելով խնդրի կարևորությունը, հարկ համարեցին դիմել պատկան ատյաններին՝ պահպանելով քաղաքաշինական և պահանջված չափանիշները՝ ընթացք տալ լայնածավալ այս նախագծին։
Նիստում անդրադարձ եղավ նաև արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործընթացների անվտանգ կազմակերպման ընթացքին։ Կարևորելով սահմանված անվտանգության չափանիշների խստագույնս պահպանումը՝ գործարարներն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ պատկան մարմինները երբեն անհարկի՝ ամենամանր բացթողման պարագայում կասեցնում են տնտեսվարողի գործունեությունը՝ հաճախ հաշվի չառնելով դրա սոցիալ-տնտեսական հետևանքները։
Նիստի օրակարգում էր նաև ՀԱԳՄ նոր անդամի ընդունելության հարցը՝ Միության շարքերը համալրեց «Գաջեգործ» ՓԲ ընկերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
12:00 04-10-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
394 դիտում
19:30 25-12-2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԱԳՄ նախագահության անդամներին
Այս բաժնից
1318 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
904 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար