211652_close_icon
views-count1229 դիտում article-date 18:18 24-06-2020

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն արձագանքել է քննչական մարմինների և դատախազության հայտարարություններին

Իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչներին և դատախազներին՝ նախօրեին հնչեցրածս դիտարկումներն իհարկե չեն վերաբերվում: Ավելին, ամենայն հարգանք տածելով գործընկերների նկատմամբ, նշեմ, որ իմ ընդհանրական գնահատականներում առկա իրավիճակն է բնութագրվել, ինչը ոչ թե նեղանալու, «խորը» վիրավորվելու, այլ առկա մտահոգիչ իրողություններից անհրաժեշտ հետևություններ անելու առիթ պիտի հանդիսանա: Ոչ ոք իրավունք չունի թերագնահատել կամ նսեմացնել նախաքննական, քննչական մարմինների և դատախազության ծանրաբեռնված աշխատանքը, որն իրականում մի քանի անգամ բազմապատկվել է 2018 թվականից հետո՝ երկրում հաստատված նոր իրականության պայմաններում: Իմ հայտնած մտահոգություններն ու թերությունների բարձրաձայնումը միտված են դատաիրավական համակարգի խնդիրների օբյեկտիվ ախտորոշմանն ու արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը: Հարցազրույցում, հավասարապես, խոսել ու մատնանշել եմ դատական իշխանությունում առկա խնդիրների ու բացերի մասին, տվել իմ գնահատականները, ինչը կարևոր է նաև հանրային ճիշտ և օբյեկտիվ ընկալում ունենալու համար: Ձեր հայտարարություններում առկա դիտարկմամբ՝ մեջբերում եմ. «Իհարկե, հնարավոր է, որ նախաքննական մարմիններում լինեն քննիչներ, որոնց մասնագիտական որակները դեռևս բարելավման կարիք ունեն», ըստ էության, հաստատում և կիսում եք իմ հնչեցրած մտահոգությունները, և առնվազն տրամաբանական չէ իմ անունից դրանց վերագրումը նախաքննական մարմինների բոլոր աշխատակիցներին: Պետաիրավական համակարգում իմ բազմամյա գործունեության ընթացքում, գործընկերների հետ աշխատանքային` նաև անձնական շփումներում միշտ անթաքույց արտահայտել եմ և՛ իմ բարձր գնահատականը դատաիրավական համակարգի նվիրյալների, պետական մտածողությամբ օժտված պրոֆեսիոնալների աշխատանքի, և՛ առկա թերությունների ու թերացողների մասին: Այս համատեքստում, առնվազն, ազնիվ չէ մեղադրել ինձ համակարգեր թիրախավորելու մեջ: Հ.Գ. Քննչական մարմինների և դատախազության հարգելի գործընկերներ, հորդորում եմ տեղափոխվել մասնագիտական և պրոֆեսիոնալ հարթություն, կառուցողական, հրապարակային և արդյունավետ ջանքերով` համատեղ լծվել դատաիրավական համակարգի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: [b]Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր