211652_close_icon
views-count5262 դիտում article-date 16:42 23-06-2020

Այսօր միջազգային օլիմպիական օրն է

Այսօր աշխարհը նշում է օլիմպիական խաղերի վերածննդի տարեդարձը։ 1894թ․ հունիսի 23 –ին Փարիզի Սորբոնի համալսարանում անցկացվեց ֆիզիկական դաստիարակության միջազգային կոնգրեսը, որին մասնակցեցին 30 երկրների պատվիրակներ: Համագումարում ներկայացվեց ֆրանսիացի մանկավարժ և հասարակական գործիչ Բարոն Պիեռ դը Կուբերտենի բոցաշունչ ելույթը: Կոնգրեսը հավանության արժանացրեց Հին Հունաստանի անտիկ օլիմպիական խաղերի ավանդույթը վերականգնելու առաջարկը։ Նորաստեղծ ՄՕԿ-ի առաջին նախագահ ընտրվեց հույն Դեմետրուս Վիկելասը։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնեց Պիեռ դը Կուբերտենը: Որոշվեց սկսած 1896 թ., յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ անցկացնել օլիմպիական խաղեր ՝ աշխարհի բոլոր երկրների պատվիրակների մասնակցությամբ: Բացի այդ, ներկաների միահամուռ ցանկությամբ, ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվեց Աթենքը։ Անդրանիկ մարզահանդեսում հայտավորվեցին 13 երկրների 311 մարզիկներ, որոնք պայքարեցին 9 մարզաձևերում խաղարկված մեդալների համար: Խաղերի ավարտից հետո Կուրբերտենը դարձավ ՄՕԿ –ի նախագահ / 1896 – 1900թթ․ / ։ Նա ՄՕԿ-ի պատվավոր նախագահ / 1925 – 1937թթ․ / մնաց մինչև իր կյանքի վերջը: Խաղերի հիմնադիրը մահացավ Ժնևում՝ 1937-ին և հուղարկավորվեց Լոզանում, որտեղ գտնվում է ՄՕԿ-ի նստավայրը: Նրա սիրտը իր իսկ ցանկությամբ թաղված է առանձին ՝ Հին Օլիմպիայի ավերակների հարևանությամբ գտնվող հուշարձանում: Նույնիսկ ամենահայտնի մարզիկները, որքան էլ հաջող լինի իրենց մարզական կենսագրությունը , առանց օլիմպիական մեդալի իրենց նվաճումները լիարժեք չեն համարում։ Օլիմպիական չեմպիոնները, անշուշտ, յուրաքանչյուր երկրի հպարտությունն են։ Հունիսի 23-ը համարվում է միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / ծննդյան օրը: 1967 թ․ ՄՕԿ –ը այդ օրը պաշտոնապես հայտարարեց միջազգային օլիմպիական օր։ Հիշարժան տարեդարձի առթիվ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, շնորհավորում է մեր երկրի բոլոր օլիմպիականներին, չեմպիոններին, մրցանակակիրներին և նորանոր հաղթանակներ մաղթում համաշխարհային գլխավոր մարզահանդեսներում։

Նմանատիպ նյութեր