211652_close_icon
views-count6918 դիտում article-date 18:34 22-06-2020

Ունենք բավականին կայուն վիճակ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ այս կայունությունը կպահպանվի. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում: «Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իարվիճակը ՀՀ-ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր: Թեև կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի: Եվ մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու մեջ է՝ հնարավորինս համատարած և ՀՀ բոլոր բնակիչների կողմից: Եվ մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն իրականացնել, իրազեկման աշխատանքներ տանել, որպեսզի մեր հայրենակիցները պահպանեն երեք պարզ հակամարաճարակային կանոնները»,-ասաց Փաշինյանը: Նա արձանագրեց, որ այն խնդիրը, որ դրել էին, լուծվում է, և դիմակների գները շուկայում ընկնում են: Եվ դրանք ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի: Հաջորդ ուղղությունը, որով կառավարությունը առաջ է շարժվում՝ առողջապահական կարողությունների զարգացումն է, որպեսզի հնարավորինս բարձրորակ ծառայություններ մատուցվեն կորոնավիրուսով վարակվածներին: Վարչապետը նաև հիշեցրեց, որ Հայաստանը բավականին մեծ թվով թթվածնային սարքեր է ձեռք բերել՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանում հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 980 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 96843 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 360 դեպք:

Նմանատիպ նյութեր